ԱԺ-ն կընդունի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ի ցանկացած որոշում. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am։ Եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, մենք կմտածենք՝ ինչ քայլերի դիմենք, իմ մտքում շատ քայլեր կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ ուղարկելու հարցին:

«Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` պրոցեսը հիմա ինչպիսին պիտի լինի», - ասաց նա:

Հարցին՝ իրավական քայլեր կա՞ն, նա պատասխանվեց. «Մենք ընդհանրապես որևէ բան որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որևէ քայլ, ցանկացած հարցի պարագայում»:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը կարծում է, որ ցանկանում են ՍԴ-ին քաղաքական որոշումներ ընդունելու ճանապարհին լռեցնել, Միրզոյանը արձագանքեց, որ իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի և երբեք չի ունեցել իր համար ենթադրյալ անցանկալի մարդկանց դատական համակարգից հեռացնելու մտադրություն:

«Ճիշտ հակառակը՝ մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, արդար, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, և մեր մոտիվացիան մշտապես եղել է դա: Կարծում եմ՝ եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, այս կամ այն կերպ այս ամիսների ընթացքում դա դրսևորված կլիներ»,- ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի որոշմանը՝ չմասնակցել նախագծի քվեարկությանը՝ Արարատ Միրզոյանը նկատեց, որ ԱԺ երեք ուժերից մեկը այսպիսի կարևոր հարցի շուրջ չի կարող դիրքորոշում չունենալ: «Ես հարգում եմ ԼՀԿ-ի դիրքորոշումը՝ այս նախագծին պաշտպանելը, նույնքան կգնահատեի և կհարգեի ԲՀԿ-ի դիրքորոշումը, եթե նրանք որոշեին դեմ քվեարկել նախագծին»,- ասաց նա:

Հարցին էլ՝ կընդունե՞ն ՍԴ որոշումը, ինչպիսին էլ այն լինի, Արարատ Միրզոյանն ասաց՝ այո:

x