Երեւանում քննարկվել է Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն է հայտնել Իրանի սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով մասնագետներին տրամադրել տեղեկություններ կենդանիների առողջության պահպանմանն ուղղված պետական միջոցառումների, պատվաստումների պլանավորման, ինչպես նաև վերահսկողական գործիքների ու մեխանիզմների մասին: Հյուրերին կտրամադրվի նաև անհրաժեշտ օրենսդրական փաթեթը:

Ըստ Քարիմ Ամիրիի՝ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական գյուղատնտեսական կենդանիների արտահանման ծավալների մեծացմանը, այլև կխթանի այլ երկրներ արտահանելու համար՝ օգտագործելով Իրանի՝ որպես տարանցիկ երկրի հնարավորությունները:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հնարավոր բոլոր միջոցներով նպաստելու երկու երկրների միջև արտահանման ծավալների մեծացմանը:

x