Մինչ զբաղված էինք ՍԴ-ով և ԵԱՏՄ-ով, պարզվում է, բուռն իրադարձություններ էին տեղի ունենում Երևանի մշակութային կյանքում․ Միքայել Զոլյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ զբաղված էինք ՍԴ-ով և ԵԱՏՄ-ով, պարզվում է, բուռն իրադարձություններ էին տեղի ունենում Երևանի մշակութային կյանքում։ Ի նկատի ունեմ Տիկնիկային Թատրոնում կայանալիք ռոք-համերգը, որը չեղարկվեց։ Ցավոք, տարածվեցին չճշտված տեղեկություններ, թե իբր այն խումբը, որը պետք է հանդես գար, սատանիզմ է քարոզում, աղմուկ բարձրացավ և համերգը չեղարկվեց։ Այս ամենի վերաբերյալ իրենց վրդովմունքն են արտահայտել մի շարք հայաստանցի ռոք-երաժիշտներ, ինչպես նաև System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Կարծում եմ, այս պատմության մեջ լուրջ խնդիր կա, որի կողքով չի կարելի անցնել։ Այո, ծանր ռոք նվագող խմբերը սիրում են խաղալ տարբեր «շոկային» թեմաների հետ, և չնախապատրաստված ունկնդրի համար այս ամենը, գումարած հենց ինքը՝ ահավոր բարձր և աղմկոտ երաժշտությունը, կարող է շոկային լինել։ Բայց դա այս երաժշտական ոճի առանձնահատկությունն է, և դա որևէ կապ չունի իրական սատանիզմի, բռնության քարոզի և այլ նման երևույթների հետ։

Ծանր ռոքը կամ հեվի մեթալը՝ որպես երաժշտական ոճ գոյություն ունի տասնամյակներ, ունի միլիոնավոր ունկնդիրներ ամբողջ աշխարհում։ Ավելին, տարիների ընթացքում Հայաստանում, այդ թվում հենց նույն Տիկնիկային Թատրոնում այդ ոճի համերգները ևս տեղի էին ունենում առանց որևէ խոչընդոտների։ Բայց ամեն դեպքում խնդիրը ոճը չէ։ Գրաքննությունն անընդունելի է՝ ցանկացած տեսքով։

Կարծում եմ, մենք չենք կարող թույլ տալ, որ ժողովրդավարական Հայաստանում, այս կամ այն խմբերի ճնշման տակ, կամ ապատեղեկատվության հետևանքով չեղարկվեն մշակութային միջոցառումներ։

ՀԳ․ հասկանում եմ նաև մեր գործընկերների կողմից արտահայտված մտահոգություններն այս հարցի շուրջ, բայց ամեն դեպքում խնդրում եմ իմ գործընկերներին զգուշանալ առանձին խմբերի կողմից տարածվող ապատեղեկատվությունից և, որևէ գործողություն ձեռնարկելուց առաջ, շատ ուշադիր ստուգել նման տեղեկատվությունը։ Նաև պատրաստ եմ իմ գործընկերների հետ քննարկել այս հարցը ցանկացած ձևաչափով»։

x