WCIT 2019-ի շրջանակում նախարարական կլոր սեղան կանցկացվի

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։

Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար Հակոբ Արշակյանի հրավերով իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20-ից ավելի երկրների պատվիրակություններ՝ փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների գլխավորությամբ, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարական կլոր սեղանի շրջանակներում Հայաստանը կկիսվի Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման իր հաջողություններով և տեսլականով: Մասնակիցները կքննարկեն նաև բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:

Ակնկալվում է, որ նախարարական կլոր սեղան- քննարկման ավարտին բոլոր երկրների նախարարները կստորագրեն արձանագրություն, որտեղ կամրագրվի երկրների պատրաստակամությունը՝ մշակելու և գործարկելու արդյունավետ քաղաքականություն և գործիքներ՝ խթանելու տեխնոլոգիական փոխակերպումը՝ ի նպաստ կայուն և ներառական տնտեսական զարգացման:

x