Արման Բաբաջանյանն անընդունելի է համարում Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ դիմելու ՍԴ քայլը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը համարում է, որ ՍԴ-ն, երկրի պետականության համար կարևոր գործով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ դիմելով , շուրջ հարված է հասցրել Հայաստանին, և այդ քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ինքնին արդեն սահմանը հատելու նշան է: ՍԴ-ն բացի իր բուն սահմանադրական արդարադատություն ապահովելը նաև երկրի սուվերենությունը պաշտպանելու պարտականություն ունի: Երկրի պետականության համար այդպիսի կարևորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, ես կարծում եմ, որ հարված է Հայաստանի սուվերենությանը»,-ասաց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով՝Սահմանադրական դատարանն իր գործողությամբ ուղղակի հարված է հասցրել երկրի ինքնիշխանությանն ու սուվերեն ընթացքին: Պատգամավորի կարծիքով՝ ՍԴ-ի կողմից այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել էր վարույթ։

x