ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 2] «Բա որ քցի` գնա աղոթելու»

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ  ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Երկրորդ առավոտն էր՝ քիչ-քիչ արթնանում էինք և խարույկի մոտ շրջան կազմած տաքանում: Շունը դեռ մեզ հետ էր, նրա անունն այդ օրը դրեցինք Չալո և Քայլո. ով ինչպես ուզում դիմում էր նրան: Քիչ անց մեր ճամբար եկավ մի երիտասարդ, ով շատ հետաքրքրասեր էր և բազմաթիվ հարցեր էր տալիս մեր քայլարշավի մանրամասների վերաբերյալ: Սկզբից ես ներքուստ մի փոքր ուրախացել էի` մտածելով, որ մեզ անծանոթ մարդ է միացել, սակայն հետո մենք սկսեցինք նրան հարցեր ուղղել, բայց նա սկսեց խառնվել իրար և չէր կարողանում պատասխանել մեր հարցերին, լուռ էր, ինչը կասկած հարուցեց մեր մեջ, և մենք այնպես արեցինք, որ նա մեզ հետ չշարունակի ճանապարհը:
Հետո պարզվեց, որ ճիշտ էինք վարվել, երբ մեր թիմի անդամներից մեկը նրան տեսավ մեզ շատ հեռվից հսկող ոստիականական մեքենայի մոտ՝ ոստիկանների հետ զրուցելիս։ Կարծում եմ՝ նրա գործառույթը մանրամասնելու կարիք չկա, թեպետ նա, ըստ էության, անելու բան չուներ, որովհետև մեր ամեն մի քայլը հրապարակային էր․ մենք կամ ուղիղ եթերում էինք, կամ հաց էինք ուտում, կամ քնած էինք: Ճամբարի մաքրությունը իրականացնելիս չգիտեմ ինչու որոշվեց, որ ես պետք է լինեմ սննդի պատասխանատուն։
Չեմ ասի, թե դա իմ երազանքների առաքելությունն էր, բայց ամեն դեպքում ինձ հաճելի էր կոորդինացնել այդ հարցը, հատկապես, որ այդ մասին ուղիղ եթերով հայտարարելուց վայրկյաններ անց սկսեցին հեռախոսիս տարբեր անծանոթ համարներից զանգեր գալ՝ «ի՞նչ ա պետք, ի՞նչ բերենք» հարցերով:

[Անի Վարդանյան] Համալսարանում քննության էի։ Ինչպես միշտ` կյանքը մեռած էր։ Համալսարանում ոչ ոք ոչ մի քաղաքական իրադարձություն չէր քննարկում։ Բոլորը շարունակում էին անգիր անել քննության ախմախ ու աննպատակ նյութերը։ Քննության ավարտից հետո գրադարանում հաջորդ քննությունն էի պարապում։ Երբեմն մտնում էի ֆեյսբուք, լրահոսը ստուգում ու էլի դուրս գալիս։

Ճիշտն ասած, երբ տարբեր գյուղերում մարդիկ ուտելիք էին տանում, մտածում էի` լավ ա, սոված չեն, ուժասպառ չեն լինի։ Հիշում եմ` խաշած կարտոֆիլ ու միս եմ տեսել, գյուղացիներն էին տարել։ Ուղիղ եթերով նայում էի՝ ոնց են ուտում։

[Արամ Թարվերդյան] Օրը սկսեցի Էդմոն Մարուքյանի էջն unfollow անելուց: Կարծեմ ամբողջ օրը ինչ-որ քննարկումների ու ընկերական հանդիպումների մեջ էի, որոնց մեծ մասը սպասվելիք իրադարձությունների թեմայով էին: Արդեն երրորդ օրն էր՝ գնալով ավելի ակնհայտ էի զգում ինչ-որ իրարանցում, որ սկսվել էր ընկերներիս, ծանոթներիս, տարիներ շարունակ ակտիվությամբ աչքի ընկած մարդկանց շրջանում՝ ֆբ փոստերի, զրույցների և այլնի տեսքով՝ քայլարշավի կապակցությամբ:

[Արմեն Գալջյան] Ապրիլի 2-ն էր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցը, և մենք զոհերի հիշատակը հարգեցինք՝ տնկելով զինվորի ծառը, և շարունակեցինք մեր քայլարշավը:

[Վահան Կոստանյան] Օրն օբյեկտիվորեն ծանր էր սկսել: Ապրիլյանի բեռն ու ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների հիասթափությունը խանգարում են իմ` արդեն հարազատ դատարկ սենյակում աշխատել: Օրվա գույները մի քիչ բացվեցին, երբ Հայարփին եկավ ինձ հյուր: Հայարփիին սովորաբար ասում էի դուստրս:

Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանին ԵՊՀ-ում քաղբանտարկյալների մասին տված իր հարցից հետո գտել էի իրեն ու ծանոթացել: Էդ մեկ տարվա ընթացքում էլ գլխներովս ահագին բան էր եկել՝ Շենգավիթում Արարատի քարոզչություն անելուց մինչև տարկետման ակցիաները: 

Խոսում էինք երեկոյան սպասվող Միքոյի իվենթի մասին: Օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվեց, թե ով ինձ հետ պիտի գա էնտեղ: Գնացինք Պապիկյանի հետ:

[Արմեն Գալջյան] Սնունդն այնքան շատ էր, որ մեզ ուղեկցող մեքենայի մեջ, որը որպես ամբար էր ծառայում, այլևս չէր տեղավորվում, և դա դասավորելը թվում էր այդ 14 օրերի «ամենադժվար» գործը, իհարկե, ուղիղ եթերը ետ-ետ քայլելով պահելուց հետո, որը հիմնականում Դավիթն էր անում:

[Անի Վարդանյան] Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը նայելուց մտածում էի՝ էս լայվ անողը չի հոգնո՞ւմ։ Տեսա, որ մարդիկ գնալով շատանում են։ Միանում, հետո էլի բաժանվում են խմբից։

Մտածում էի նաև, որ էդքան քայլելուց ու էներգիա ծախսելուց հետո կկարողանա՞ն Երևանում լուրջ գործողություններ անել, թե՞ ոչ։ Ամենաշատը վրանային վիճակներն էր դուրս գալիս։ Բայց, քանի որ ֆիզիկապես շատ թույլ եմ, ցրտին ու անհարմար վիճակին չեմ դիմանում, մտածում էի, որ հեսա մրսելու են հիվանդանան , տեղներն էլ հարմար չի՝ չեն քնի, գերհոգնածության մեջ կընկնեն։ Ու նույն մտքերով շարունակում էի քննություն պարապել։

[Արամ Թարվերդյան]  Հատկապես տպավորվել են այդ օրերի զանգերը, երբ տասնյակ ընկերներ, ծանոթներ, հեռու և մոտիկ մարդիկ մեկ էլ կզանգեին ու կսկսեին՝ «ինչ կա... բա ուրիշ ինչ կա...քայլարշավից ի՞նչ են խոսում, բա ո՞ւր հասան....բա վերջը...բա...բա..», ու այդ անկապ զրույցներում զգացվում էր անընդհատ չհնչող մի հարց, որը ոչ մի կերպ չէր ձևակերպվում, ու խոսողների ձայնի մեջ ավելի շատ զգացվում էր անորոշություն, քայլարշավի մասին կողքինի արձագանքից որևէ սեփական դիրքորոշում ձևակերպելու ցանկություն, որը ուղիղ չէր ասվում: Ու ոչ բնավ այն պատճառով, որ մարդիկ չունեին իրենց կարծիքը, այլ վախենում էին սխալվել ինչ ինչ բաներում:

Հետաքրքիր բան էր․ մարդիկ իրենց համար քայլում էին ինչ-որ մի տեղ, ու դա տասնյակ կիլոմետրեր այն կողմ պրոցես էր գեներացնում, մի տեսակ գործի էր անցել Յունգի ասած «Կոլեկտիվ անգիտակցականը», երբ միմյանց անծանոթ հազարավոր մարդիկ անհանգստանում, հետաքրքրվում և պատասխանատվություն են զգում տեղի ունեցողի հանդեպ, տեղի ունեցող մի բան, որը դեռ իրենց համար էլ ամբողջությամբ հասկացված չէր:

Օրվա հիշվող իրադարձություններից էր Միքայել Նահապետյանի բացած իվենթը, որում առաջարկվում էր հավաքվել Մաշտոցի պուրակում և քննարկել տեղի ունեցողը, հասկանալ, թե ով ինչ կարծիք ունի:

[Միքայել Նահապետյան] Երևանում եմ։ Նախորդ օրը ճամբարում Պապիկյանն ասաց, որ Պուրակի քննարկմանը ՔՊ-ից ինքը կգա։ #ՄերժիրՍերժին-ից Սանասարյանն ու Թագը եկան։ Ահագին մարդ կար` Ծռերից էլ, ազատ մնացած ակտիվից էլ, Լուսավորից էլ։ Դե պարզ էր. քանի-որ դա չկողմնորոշվածներին կողմնորոշելու համար նախատեսված հավաք էր, գալու էին նույնիսկ նրանք, ովքեր բնավ համաձայն չեն հռչակված ճանապարհին։

[Վահան Կոստանյան] Նման բազմաշերտ հավաք դժվար էր պատկերացնել՝ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆենիմիստներ: Ու էս խառը կանաչու մեջ սկզբում էն տպավորությունն էր, որ headhunting-ի եմ եկել: Բոլորը փորձում էին մարդկանց իրենց կողմը գրավել, հավաստիացնել՝ իրենց ծրագիրն ու տեսակետներն են ճիշտ, բայց բոլորը իրենց խոսքում անպայման անդրադառնում էին քայլարշավի մասնակիցներին:

[Թագուհի Ղազարյան] Պուրակում հավաքված մարդկանց խայտաբղետությունը հուսահատեցնող է: Էս մարդիկ իրար հետ զրուցելու ոչինչ չունեն, ոնց հասկանում եմ` էս աշխարհում միայն մի բան կարող էր էս մարդկանց մի տեղ հավաքել` Սերժին մերժելը: «Ճակատից» Վոլոդյա Ավետիսյանն է խոսում, ասում ա` «լսեք, տղերք… » Էնտեղից մի աղջիկ` «բայց էստեղ միայն տղաներ չեն… »։ Հուսահատեցնող է: Վոլոդյայի տղերքը: Աղջկա նկատողությունը Վոլոդյային: Հուսահատեցնող է ամեն ինչ:

«Իմ քայլ»-ից Պապիկյան Սուրենն է եկել քննարկման: Փորձում է բացատրել բռնությունը մերժելու փիլիսոփայությունը: Հավաքվածների մեծ մասը համաձայն չէ բռնությունը նաև որպես ինքնապաշտպանության տարբերակ մերժելու հետ: Ասում են՝ իրենք վայրենի են: Ասում են՝ իրենք մեզ չեն խնայելու: Սուրենը ջանում է բացատրել, որ դա իրենց տեսած միակ ճանապարհն է, և այլ ձևաչափերով համագործակցությունն անհնար է համարում: Չեն համոզվում: Համառում են: Սուրենը հուսահատվում կամ ձանձրանում է նույն բանն անընդհատ կրկնելուց: Խոսակցության թեման փոխվում է:

[Արամ Թարվերդյան] Վերջը մի ահագին պատմություն դարձավ, բոլորը խոսում էին, քննարկում, փաստարկներ և հակափաստարկներ բերում: Պրոցեսը գնում էր...

[Վահան Կոստանյան] Մի երկու ժամ երևի ջուր ծեծեցինք, հետո մնացինք շատ փոքր խմբով: Շահենն էր, Թագուհին, Բաբկենը, էլի ընկերներ, ում չեմ հիշում: Թագուհին երևի էստեղ էր, որ միացավ մերժիրսերժինենց: Տարբեր տեխնիկաներ քննարկեցինք, մի քանի ակցիաներ որոշեցինք, կոնտակտներով փոխանակվեցինք ու ցրվեցինք:

[Միքայել Նահապետյան] Էդտեղ, որպես այդպիսին, մի բան որոշվեց, որ ով ուզում է օգնել շարժմանը` միանան, խումբ բացեն, կապի մեջ լինեն։ Հաջորդ օրվանից սկսվեցին գրաֆիթիները։

[Թագուհի Ղազարյան] Պուրակում քննարկման մասնակիցների առաջարկները արձանագրում էինք ես ու Գրիգորյան Արմենը, որպեսզի հետո քննարկենք, տեսնենք, թե դրանցից որոնք են իրագործելի, որոնք՝ ոչ: Հիմա կարդալիս գուցե շատ նշումներ չհասկացվեն, թե ինչի մասին ենք մտածելիս եղել դրանք գրելիս, բայց իմ կատարած «արձանագրությունը» փոխանցում եմ առանց փոփոխությունների․

• Ավտոստոպ, կանգառից մարդ բերել
• Ֆրիքարի ստիկերները
• Փողերը կանխիկացնել, բանկերը պարալիզացնել
• Սերժի նկարներով թռուցիկներ
• Գուպկեքըկարմիր ներկով շպրտել-փափուկ ուժի գործադրման սիմվոլ
• Լայվ մտնելը բոլոր ակցիաների ժամանակ
• Փողի վրա մերժիր սերժին
• Լայվի կտրվելը
• Փոխադարձ սոլիդարությունը
• Իրազեկում տրանսպորտում
• QR իրազեկում
• Արագաչափերը ծածկել #մերժիր_սերժինով
• Քաղաքացիկան անհնազադություն ամսի 13֊ին, հայտնվել բաժիններում
• Հաջորդ քննարկումը անհարմար տեղ
• Մտնել համալսարաններ ամսի 13֊ին
• Ավտոյով փակել երթևեկությունը
• QR փոխարինում կարևոր օբյեկտներում
• Ուսանողական ռեսուրսի օգտագործում ըստ ֆակուլտետների, անհատների
• Գրաֆիտիներ… երևան դուրս գալուց մարզերի, գյուղերի ցուցանակներին
• Ամսի 4֊ին Շուշանի համերգի ժամանակ փուչիկները
• Ինչ֊որ բան ցեխաջրերի հետ կապված
• Սերժի նկարը լսարաններում
• Հավաքել մանրադրամներ
• Մետրոներում իրազեկում
• Դրոնի տարբերակով իրազեկում
• Փուչիկներով իրազեկում
• Իրազեկման ավտոերթ ամսի 13֊ին
• Հաշթեգերով կարճ վիդեոներ ՖԲ֊ում
• Թռուցիկների բաց հասանելի տարածում/ ֆլեշմոբով/ հաշթեգով
• Կասկադի կաֆեներում ակցիա։

[Միքայել Նահապետյան] Քայլեցի Սարյան, գարեջուր ու թուղթ վերցրեցի։ Կոմպոզիտորների տան դիմաց` բորդյուրի վրա նստած գրում եմ Քայլո-Չալոյի մանիֆեստը. «Իմ կյանքը շան կյանք էր: Շան տանջանքով շան օր էի քաշում, բայց շան տեղ դնող չկար: Ինձ ասում էին «շնից մազ պոկելը քյար ա», բայց ինձ քյարը չէր հետաքրքրում: Ասում էին «շները քեզ ընկեր», բայց իմ ընկերներին կրակում էին փողոցներում: Ասում էին «շան բախտ ունես», բայց բախտս շպրտում աղբանոցներում: Ու ես հասկացա, որ այսպես ապրել չի կարելի: Հասկացա, որ իսկական բախտը գտնում են ազատության ճանապարհին և արեցի #ԻմՔայլը դեպի Ազատության հրապարակ: Հիմա ես ունեմ ճանապարհ, երազանք ու ընկերներ: Ես ունեմ ֆեյսբուքյան էջ ու քաղաքացիություն: Եվ ես գալիս եմ գտնելու ձեզ` բոլոր նրանց, ովքեր ազատության ճանապարհին որոշել են քայլ անել` անկախ ոտքերի քանակից: Ես Քայլոն եմ` Հայաստանի առաջին քաղաքացի շունը»:

Գրում վերջացնում եմ, գլուխս բարձրացնում` դիմացի մայթին Կենտրոնի քրեական հետախուզության օպերների ավտոն եմ տեսնում, 200 մետր այնկողմ Կառավարական ամառանոցներն են, փաստորեն շատ կասկածելի տեղ եմ նստած ու փաստորեն էսօրվանից բոլորս ուղիղ հսկողության տակ ենք։ Ցրվեցինք։

[Արմեն Գալջյան] Մեր հաջորդ ճամբարը խփեցինք Սպիտակ քաղաքի մոտակայքում:

[Վահան Կոստանյան] Էդ ընթացքում Վանաձորում սաստիկ հեղեղ էր, ու մերոնք ստիպված էին գիշերել ոչ թե նախապես պլանավորած տեղում, այլ մի լքված շենք էին գտել ու պատսպարվել էնտեղ: Ես ու Սուրենն էլ որոշեցինք գնալ պատմել տեղի ունեցած հավաքի մասին ու հետ գալ: Բայց տեղ չհասանք: Ապարանի կողմերն էինք հասել, երբ տեսանելիությունը, մառախուղի պատճառով, լռիվ զրոյական դարձավ, ու ստիպված հետ քշեցինք Երևան:

Ահագին նեղվել էի, որ չկարողացանք այցելել ճամբարականներին: Քնեցի՝ պլանավորելով, որ պիտի հաջորդ օրը Շահենին զանգեմ ու քննարկենք իր գաղափարը՝ ապրիլի 13-ին դիմավորել քայլարշավի մասնակիցներին Երևանի մատույցներում: Էս հատվածը մոռացել էի անգամ, բայց երեկ փողոցում Շահենին տեսա ու հիշեցրեց, որ մենք ուղիղ մեկ տարի է, ինչ ֆեյսբուքում ընկերացել ենք:

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ

x