Հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին պետությունը կաջակցի |Հայաստանի Հանրապետություն|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստան վերադարձողներին պետությունը կաջակցի: Ծրագիրն այժմ քննարկվում է: Ըստ այդմ՝ առաջնային աջակցություն կտրվի Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին: Բայց հարկադիր եկածներին աջակցությունը առաջնահերթությամբ է տրվելու: Այլ կերպ՝ նախ կաջակցեն բազմազավակ ընտանիքներին (4 եւ ավելի երեխաներ ունեցող), տարեցներին (65 տարին լրացած), հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ուղեկցության վերադարձած եւ Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։

Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն 1 տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով։

Եթե 2015թ. ԵՄ երկրներից ստացվել է 146 հայց, ապա արդեն 2018թ. ստացվել է 1042 հետընդունման՝ ռեադմիսիոն հայց՝ 2077 անձանց վերաբերյալ: Ռեադմիսիոն հայցեր ուղարկող ԵՄ երկրների թիվը 2014թ. 2-ի փոխարեն (Շվեդիա եւ Լեհաստան) 2018թ. դարձել է 8: Ընդհանուր առմամբ, 2012-2018թթ. ԵՄ երկրներից եւ ՌԴ-ից ստացվել են 2488 ռեադմիսիոն հայցեր՝ 4889 անձանց մասին։

Վերջին երկու տարիներին ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը Գերմանիան է, որը 2017թ. ուղարկել է 499 հայց (1022 անձանց մասին), իսկ 2018թ.՝ 681 հայց (1385 անձանց մասին)։ 2019թ. առաջին ութ ամիսների ընթացքում ստացվել է 679 հայց՝ 1376 անձանց մասին, որից 1063 անձանց ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է»։

x