Մենք մեր առաջարկները, որոշակի հաշվարկներ ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ռուսական կողմի ավելի առարկայական առաջարկներին. Գարեգին Բաղրամյանը՝ գազի գնի մասին |tert.am|

tert.am: Մենք մեր առաջարկները, որոշակի հաշվարկներ ներկայացրել ենք, հիմա սպասում ենք ռուսական կողմի ավելի առարկայական առաջարկներին: Այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին:

Ըստ նրա` ռուսական կողմի տրամադրվածությունը շատ կառուցողական է: Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցությունները ընդհանրապես բարձրացում լինել-չլինելու մասին է, թե գնի բարձրացման չափի մասին է, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ չի կարող ասել: «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, բնականաբար այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Բանակցություններին ամեն կողմ փորձում է իր տնտեսական շահն առաջ տանել և ընդհանրապես բանակցությունները ընթանում են ավելի երկարաժամկետ մոդելային լուծումներ ունենալու շուրջ, որպեսզի, ինչպես պարոն վարչապետն ասաց, ունենանք ավելի կայուն գնագոյացում որոշակի երկար ժամանակահատվածի համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է օպտիմալացման հարցին, Գարեգին Բաղրամյանն ասաց. «Բանակցությունները կոմպլեքս են ընթանում և ձեր ասած օպտիմալացումները, կորուստների կրճատումները, ներդրումային փաթեթը, ամբողջ փոխադրման համակարգը, ինչպես նաև սահմանին գազի գնագոյացման հարցերն այդ ամբողջի վերաբերյալ կոմպլեքս մոդելային քննարկում է իրականացվում:

Տնտեսումները լինելու են յուրաքանչյուր տարի` կախված ներդրումներից, կորուստների նվազեցումներից, կախված ներդրումների ծավալներից, տեղի են ունենալու աշխատողների կամ այլ ծախսերի կրճատում: Այս պահին թվերով չեմ կարող ասել, բայց, օրինակ, հինգ տարում նախատեսվում է շուրջ հազար աշխատակցի կրճատում, դա ինչ-որ բաղադրիչ է՝ ընդամենը սակագնի ձևավորման մեջ»:

x