Ակնհայտ է, որ մենք ինչ-որ մի պահի ստիպված ենք լինելու պետական համակարգում աշխատավարձային ռեֆորմ անել. Մանուկյան |armtimes.com|

armtimes.com։ Կառավարությունը օրեր առաջ հավանություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Նախագծով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։

2020 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետեւաբար բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նաեւ նախորդ տարիներին։ 2020 թվականի դեֆիցիտը պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

2019 թվականի բյուջեի նախագծով հաստատված ցուցանիշների համեմատ՝ սպասվում է, որ 2020-ին եկամուտներն աճելու են 201 մլրդ դրամով կամ 13.4 %-ով։ Ծախսերը կավելանան 232 մլրդ դրամով կամ 14.1 %-ով։ 2020 թվականի բյուջեի նախագիծը դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Մինչ այդ հնարավոր է, որոշ լրացումներ ու փոփոխություններ կատարվեն։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ այս նախագիծն ավելի լավն է, քան նախորդ տարիներինը:

Պարոն Մանուկյան, ծանո՞թ եք 2020 թվականի պետբյուջեի նախագծին: Այս բյուջեն իր ծավալով աննախադեպ է համարվում: Կնշե՞ք, թե ինչով է աննախադեպ:

Աննախադեպ լինելու առումով. հասկանալի է, որ մեր տնտեսությունը զարգանում է, ունի զարգացման վեկտոր, ու եթե միայն թվային ցուցանիշներով դիտարկենք՝ դոլարային կամ դրամային արտահայտությամբ, եւ եթե բյուջեն որեւէ ճգնաժամային միտումներ չունենա, ապա ակնհայտ է, որ որոշակիորեն ավելի մեծ կլինի՝ քան նախորդ տարվա բյուջեն:

Մի քանի կարեւոր դիտարկումներ անեմ. առաջինը՝ սա այն բյուջեն է, որտեղ կառավարությունը նկատել է բոլոր անարդյունավետ ծախսերը, ինչի արդյունքն այն է, որ նույն կապիտալ ծախսերի առումով որոշակի թերակատարումներ ունենք: Դրա հիման վրա 2020 թվականի բյուջեն՝ ինչպես ենթակառուցվածքների մասով, այնպես էլ սոցիալական ծախսերի՝բավականաչափ առաջանցիկ միտումներ ունի:

Ես այս առումով եմ ավելի շատ կարեւորում, որովհետեւ եթե մենք դոլարային նայենք, 2021 թվականի բյուջեն այլ հավասար պայմաններում լինելու է ավելի մեծ, քան 2020-ինը:

Բացի նրանից, որ աճում է բյուջեն, աճում է նաեւ բյուջեի դեֆիցիտը՝ 182 մլրդ դրամով: Ինչո՞վ է սա պայմանավորված։

Առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ բյուջեում բացի ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռազմավարությունից, դրված է նաեւ մարդկային կապիտալի զարգացման մասով բավականաչափ որակական մեծ փոփոխություններ: Մասնավորապես՝ առողջապահության ոլորտը, կրթության ոլորտը միտված են մարդկային կապիտալի պահպանմանը եւ զարգացմանը:

Այս առումով շատ ավելի մեծ աճի տեմպեր են ֆիքսված, քան նույն տնտեսական աճն է, որը կանխատեսվում է 2020 թվականին: 10-ից ավելի տոկոսով այդ բնագավառներում աճ է նախատեսվում: Սա եւս կարծում եմ կարեւորագույն առանձնահատկություններից է, որն այս բյուջեն ունի, ու հասկանալի է, որ այդ բնագավառում ( որպեսզի մենք նաեւ այլ ծախսերի կոմպենսացիա իրականացնենք) բյուջեն պետք է լինի դեֆիցիտային:

Ձեր գնահատմամբ՝ կա՞ն ոլորտներ, որտեղ նախատեսվել է ավելացնել քիչ գումար կամ կա՞ն ոլորտներ, որտեղ չարժեր այդքան գումար հատկացնել:

Նախ ակնհայտ է, որ մենք ինչ-որ մի պահի ստիպված ենք լինելու պետական համակարգում աշխատավարձային ռեֆորմ անել: Ակնհայտ է, որ 2020 թվականի բյուջեի նախագծում այդ ռազմավարությունը դեռ կյանքի չի կոչվել, բայց գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ նախկինում պետական համակարգի աշխատողների աշխատավարձը նրանց հիմնական եկամուտները չեն եղել:

Երբ որ հիմա մենք հակակոռուպցիոն պայքարի համատեքստում մեծ հաշվով նվազեցնում ենք պետական համակարգի ծառայողների համար այլ եկամուտներ գեներացնելու գրավչությունը, մենք պետք է մրցունակ կադրեր ներգրավելու տեսանկյունից եկամուտները մոտեցնենք այն առկա միտումներին, որը տիրում է աշխատաշուկայում:

Եթե համեմատենք նախորդ տարիների բյուջեների հետ, այս բյուջեն ինչո՞վ է ավելի լավը:

Նախ՝ ավելի լավն է նրանով, որ արդեն իսկ որոշակիորեն զսպված է լինելու այն անարդյունավետություններից, որոնք կար: Այսինքն՝ ավելի մեծանալու է ծախսային արդյունավետությունը եւ նաեւ դրա հետեւանքով ավելի մեծանալու է հասցեականությունը: Դուք գիտեք, որ կենսաթոշակների մասով եւ այլ սոցիալական ոլորտների մասով արդեն իսկ բարձրացման վեկտոր է ամրագրված: Այս բյուջեն լինելու է ավելի վերաբաշխողական: Գիտեք, որ 2018 թվականին որոշակի դրական միտումներ կար, 2019-ին շատ ավելի տեսանելի է ստվերի կրճատումը: 2020 թվականին այդ միտումը էլ ավելի շարունակական է լինելու:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x