«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով մեղավորները կպատժվեն. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովում ընթացող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ քայլեր կիրականացվեն իրացման գոտիների բնակիչների իրավունքների վերականգնման ուղղությամբ, իսկ մեղավորները պետք է պատժվեն:

«Մեր ջանքերը՝ իրավական պետություն կառուցելու, թերի կլինեն, եթե մենք չանդրադառնանք ժամանակին գերակա հանրային շահի անվան տակ տեղի ունեցած քաղաքացիների ունեզրկման գործընթացին և սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին: Խնդիրը, իմ կարծիքով, բազմաշերտ է, ես կանդրադառնամ դրանցից երեքին: Նախ, բազմաթիվ դիտարկումների համաձայն՝ այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, իսկ գուցե նաև սեփական բիզնես և սեփական շահերը: Այսինքն՝ մենք խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին: Եվ ահա, անցումային արդարադատության շրջանակներում մենք պետք է անպայման կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել դրանք և փաստերի հաստատման դեպքում գտնել և պատժել մեղավորներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ բաղադրիչը հետևյալն է: Բացի գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչների այս շահերից ու մասնակցությունից, դրսևորվել է նաև դատական իշխանության ուժեղ կախվածությունը գործադիր իշխանության այս շահագրգիռ ներկայացուցիչներից: Սրա վառ ապացույցն, ըստ ԱԺ նախագահի, այն է, որ բազմաթիվ կայացված վճիռներ այսօր հակառակ ավարտն են ունենում ՄԻԵԴ-ում: Եվ այն պայմաններում, երբ մի քանի տասնյակ մարդիկ այս գործընթացի արդյունքում դոլարային միլիոնատերեր են դարձել, այսօր ՄԻԵԴ վճիռների պայմաններում ՀՀ-ն արդեն ավելի քանի 2 մլ եվրո դոլարի փոխհատուցում է տվել տուժածներին:

«Եվ երրորդ, իմ կարծիքով, ամենակարևոր կոմպոնենտը տուժողների իրավունքների վերականգնումն է: Այս քննությամն կամ վերաքննության արդյունքում փաստերի հաստատման դեպքում մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք տուժողների իրավունքների վերականգնման ուղղությամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ այսօրվա լսումների ժամանակ հնչեցված ելույթներում արդեն իսկ նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի: «Եվ ես այս ելույթների ձայնագրությունը լսումներից հետո ուղարկելու եմ իրավապահ մարմիններին: Նաև ուզում եմ ասել, որ մենք՝ որպես քաղաքական թիմ, մեր իշխանությունը բացարձակապես որևէ կաշկանդվածություն չունի նշածս ուղղություններով քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

x