Պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի խանութի կողմից. բնակիչ |armtimes.com|

armtimes.com: «Փաստն այն է, որ որ պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի «Stefano Ricci» բրենդային խանութի կողմից»,- Ազգային ժողովում շարունակվող «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ընթացքում այսօր այս մասին հայտարարեց 2002-ին Հյուսիսային պողոտայի իր տունը կորցրած բնակիչներից Սրբուհի Ղասաբյանը:

Նա ընդգծեց, որ իր տան փոխհատուցումը այս 17 տարիների ընթացքում դեռ վերջնական լուծում չի ստացել: «Փոխհատուցումը կարծես տրվում էր ըստ ընտրական ցուցակի. ով կողմ էր քվեարկել 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյանին-խմբ.)՝ շահում էր, ով դեմ էր քվեարկել՝ ենթարկվում էր ինչ-որ ֆինանսական, ֆիզիկական, բարոյական հաշվեհարդարի»,- ասաց տիկին Ղասաբյանը՝ հավելելով, որ առաջարկում է, որ պետությանը պատճառած վնասը վերադարձնող եւ Հայաստանից հեռացող օլիգարխները մինչ հեռանալը վերադարձնեն նաեւ տուժած ընտանիքների գումարները:

Նույն լսումներին մասնակից Արամի փողոցի նախկին բնակիչ Իրինա Փիլոյանն էլ ասաց, 1100 քառակուսի մետր հողատարածք եւ 315 քմ շինություն են ունեցել. «Երեւանի սրտում՝ Արամի փողոցում մեկ քառակուսի մետրը գնահատվել է 250 դոլար 2006 թվականին, երբ մեկ քառակուսի մետր հողի նվազագույն արժեքը 1500 դոլար էր։ Մեզ փոխհատուցել են 250 դոլար քառակուսու համար։ Մենք դիմել ենք ՄԻԵԴ, արդեն անցել է տաս տարի, լիահույս ենք, որ մոտ ապագայում այդ հարցը կքննարկվի»,- նշեց Փիլոյանը։

Ըստ վերջինիս՝ իրենց տարածքի մի մասն օտարվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը.

«Պատահական բացահայտեցինք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ընդամենը մեկ որոշմամբ մեր սեփական տարածքից 300 քառակուսի մետր հատկացրել է Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը։ Մենք, սեփականատեր լինելով, պատահական ենք իմացել, պարզապես նոր սեփականության վկայական ստանալու գործընթացում տեսել ենք, որ մեր սեփական գույքի մի մասը գրանցված է «СОГЛАСИЕ-АРМЕНИЯ» ընկերության անունով»,- հավելեց նա։

Իրինա Փիլոյանն ասաց նաեւ, որ մասնավոր զրույցներում շատ դատավորներ իրենց ասում են, որ նրանց պայքարը ճիշտ է, բայց ոչինչ անել չեն կարող:

x