Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյանը՝ WCIT-ի համաժողովում |armtimes.com|

armtimes.com։ «Սկզբում այնքան էլ չէի հասկանում՝ ինչ է նշանակում մասնավոր կյանք։ Նորմալ էի համարում, որ իմ մասին իմանում են ամեն ինչ։ Երեխաներ ունենալուց հետո անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռության բերել։ Շատ բաներով սոցցանցերում կիսվելը կարող է վտանգավոր լինել։ Ամեն դեպքում՝ ես բաց եմ մնում: Դա իմ բրենդն է»,- Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող WCIT համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը:

«Շատ չեմ անհանգստանում սոցցանցերում թվերի, լայքերի համար։ Թվերի համար անհանգստանում եմ, երբ հարցը հասնում է բիզնեսին»,- հավելեց նա:

Ամերիկահայ աստղը խոսել է նաեւ Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- մասնավորապես նշեց Քարդաշյանը:

«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել: Ուրախ եմ, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ արեցինք։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,- ներկաների հետ իր ապրումները կիսեց Քարդաշյանը։

«Նոր ապրանք եմ ներկայացնում ամեն ամիս։ Ինչ վերաբերում է շուկայի ուսումնասիրությանը, պետք չէ շատ աջուձախ նայել, պետք է կենտրոնացած մնալ»,- կարծիք հայտնեց նա՝ ավելացնելով, որ, ամեն դեպքում, ինքն ուսումնասիրում է իր ապրանքների վերաբերյալ 250 մլն հետեւորդների կարծիքները։

x