Առաջին անգամն է, որ հպարտորեն կարող եմ արտահայտել Հայաստանի էությունը. Գարո Արմեն |armtimes.com|

Armtimes.com։ WCIT 2019 համաժողովի շրջանակում որպես բանախոս Հայաստան է ժամանել ամերիկահայ գիտնական, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) հիմնադիր, գործարար Գարո Արմենը: 

- Պարոն Գարո Արմեն, ի՞նչ տպավորություն եք ստացել WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովից:

- Հրաշալի աշխատանք են կատարել: Երեկ գիշեր (նախօրեին) հետեւում էինք Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգին եւ ամեն ինչը հրաշալի էր կազմակերպված: Մարդ հպարտություն է զգում, որ Հայաստանում այսպիսի բան է լինում: Առաջին անգամն է, որ այսպիսի բարձրագույն որակով միջոցառում ենք կազմակերպել: Կազմակերպիչներին չպետք է փոխենք, որովհետեւ նրանք իրենց գործը շատ լավ են կատարել:

- Դուք ձեր աջակցությունն էիք հայտնել հեղափոխությանը: Շուրջ 1 ու կես տարի է անցել հեղափոխությունից: Ձեզ համար նկատելի՞ են իշխանությունների իրականացրած փոփոխությունները:

- Հեղափոխության օրերին ես այստեղ էի: Ես էլ էի մասնակցում: Այդ ժամանակ հոդված գրեցի, որ պետք է խնդրել հին իշխանություններին՝ ընդունեն ժողովրդի պահանջներն ու հեռանան: Իմ խոսքերին չհետեւեցին, բայց այդպես էլ եղավ ամեն դեպքում: Այն մեթոդները, որոնք մերժում էր ժողովուրդը, որոնք մերժում էր սփյուռքը... մենք արդեն զգում ենք, որ սփյուռքի հայերը պետք է վերադառնան Հայաստան: Նրանց մի մասը որոշ ձեւով տեսել են Հայաստանում իրականացված փոփոխությունները եւ իրենք շատ գոհ են: Սփյուռքում շատ հայեր կան, որոնք մեր երկրի կողքին չէին, որովհետեւ դժգոհ էին: Հիմա մեր հույսն այն է, որ այդ հայերը կգան, կվերադառնան: Ես վստահ եմ, որ մտքում բոլորն ավելի հպարտ են, ավելի շատ են հավատում: Մեր ազգի ապագան հիմա ապահով է, որովհետեւ հույս կա, պոտենցիալ կա: Մեր ժողովուրդը պետք է մասնակից դառնա Հայաստանը վերագտնելու գործին: Դա շատ կարեւոր է:

- Հաճախ է խոսվում սփյուռքից սպասվող ներդրումների մասին: Ի՞նչ եք կարծում՝ ներդրումների համար բավարա՞ր են պայմանները:

- Նոր իշխանությունը հիմա ղեկավարվում է ժողովրդի պահանջով: Բոլորս հասկանում ենք, որ մեր լուրջ խնդիրների լուծումները 1-2 օրվա ընթացքում չեն լինելու, պետք է թե՛ սպասենք, թե՛ այդ սպասելուն զուգահեռ քրտնաջան աշխատենք: Հույսս այն է, որ թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը, թե՛ Հայաստանի ժողովուրդը, թե՛ սփյուռքի ժողովուրդը եւ թե՛ մեր առաջնորդները, բոլորս միասին պետք է ներդաշնակ ձեւով աշխատենք, որ այդ քայլերն արագ անենք, որպեսզի Հայաստանը դրախտ դառնա:

Ավելին կարդացեք Armtimes.com-ում։

x