Սա Հայաստանի ՏՏ ոլորտում երբևէ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ միջոցառումն էր. Ալեքսանդր Եսայան

factor.am։ Կարծում եմ՝ միջոցառման կազմակերպչական հատվածը բավականին հետաքրքիր է անցնում, քանի որ լավ արձագանք եմ ստանում ինչպես մասնակիցներից, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերից: Նրանց ակնկալվող թիվը 2000-2500 էր, սակայն հասավ շուրջ 6000-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը: «Հետաքրքիր քննարկումներ ունեցանք՝ ամենատարբեր թեմաներով:

Կարող ենք ասել, որ նախագիծը հաջողված է»,- ասաց Եսայանը: Նրա խոսքով՝ այս օրվան հասնելու համար վերջին 12 ամիսներին նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել: «Այս ձեռքբերումը ոչ միայն մեր անձնակազմի եռանդուն աշխատանքի արդյունքն է, այլ նաև Հայաստանի ՏՏ համայնքի և մեր գործընկերների աջակցության:

Միասին մենք գաղափարներ ենք փոխանակել, թե ինչպես WCIT-ը հրաշալի դարձնել: Միջազգային հյուրերի թիվը ցույց է տալիս, թե որքան աննախադեպ էր այն: Սա Հայաստանի ՏՏ ոլորտում երբևէ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ միջոցառումն էր»,- ընդգծեց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահը:

 

x