Տեսել եմ, թե ինչպես է կանանց ավելի ուժեղ դարձնելու փորձ արվում. Քիմ Քարդաշյան |aysor.am|

aysor.am։ Հայաստան այցելությունը Ձեզ համար դառնում է սովորական, այսօր՝ հայազգի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանին կառավարությունում հյուրընկալելու ժամանակ, վերջինիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ ընդգծեց՝ գնահատում է հայազգի հեռուստաաստղի պատրաստակամությունը և Հայաստանը ճանաչելի դարձնելու մղումը։

«Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աշխարհում մեծացել է, և դրանում կա նաև Ձեր ներդրումը։ Հուսով եմ և համոզված, որ Դուք կշարունակեք նման գործունեությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայաստանյան կառավարությունը խրախուսում է կանանց գործունեությունն ամենատարբեր ոլորտներում։

Ի պատասխան՝ Քիմ Քարդաշյանը նշեց, որ երջանիկ է դա լսելու համար։

«Տեսել եմ, թե ինչպես է կանանց ավելի ուժեղ դարձնելու փորձ արվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ որքանով տեղեկացված է, Հայաստանի ազգաբնակչության 50 տոկոսը կանայք են։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց՝ 50 տոկոսից ավելին։

Վարչապետը միաժամանակ շեշտեց, որ փորձ է արվում կանանց ներգրավել երկրի տնտեսական և քաղաքական կյանքում։

Վերջում գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ այս կառավարությունում ավելի մեծ թվով կանայք են ներգրավված, քան նախորդում։

Քիմ Քարդաշյանն այս առումով հայտնեց իր գոհունակությունը։

x