Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել, կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը.Մխիթար Հայրապետյան

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ։

Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։

Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»։

 

x