ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու մի շարք թուրք նախարարների նկատմամբ |tert.am|

tert.am։ Վաշինգտոնը պետք է անհատական պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատճառով: Նման առաջարկով բանաձևի նախագիծը ԱՄՆ Սենատի անդամ, հանրապետական Լինդսի Գրեհեմը հրապարակել է Twitter-ում: Նրան այդ նախաձեռնության հարցում աջակցել է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը:

Էրդողանից բացի, սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի փոխնախագահի և արտաքին գործերի, ազգային պաշտպանության, ֆինանսների և գանձապետարանի, առևտրի, ինչպես նաև էներգետիկայի նախարարների նկատմամբ:

Բանաձևի նախագիծը ենթադրում է ԱՄՆ տարածքում այդ անձանց ակտիվների սառեցում, Թուրքիայի ղեկավարության նկատմամբ վիզային սահմանափակումների սահմանում, թուրքական բանակին ամերիկյան սպառազինության վաճառքի արգելք և այլն:

Գրեհեմն աջակցություն է ակնկալել երկու կուսակցությունների ներկայացուցիչներից։ Նրա խոսքով՝ կոնգրեսականների մեծ մասը կարծում է, որ «ճիշտ չի լինի լքել քրդերին, որոնք ցույց են տվել, որ ուժեղ դաշնակից են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:

Սենատորը նաև նշել է, որ նախագահի վարչակազմը «հրաժարվում է գործել»:

Մինչդեռ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի գործողությունների ծրագիրը «վատ գաղափար» էր անվանել և ընդգծել, որ չի աջակցում նրանց:

Թուրքական կողմը գործողության սկսվելուց ի վեր հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի, այսօր հայտնել են պաշտպանության նախարարությունում: Դրա հետ մեկտեղ «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են այն բանտին ավիահարվածի մասին, որում գտնվում են ԻՊ-ի զինյալները:

x