Այս տարի արդեն իսկ մթերվել է 160 հազար տոննա խաղող |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ խաղողի մթերումների վերաբերյալ վիճակագրություն կա՞: Ավանեսյանը պատասխանեց, որ օպերատիվ տեղեկություններ կան երեկվա դրությամբ, թեպետ ճշգրտումների կարիք կա:

Ըստ նախնական օպերատիվ տեղեկությունների՝ արդեն իսկ մթերվել է 160 հազար տոննա խաղող, որը մոտ 37 տոկոսով ավել է, քան անցյալ տարվա ցուցանիշներն են: Ավանեսյանը տեղեկացրեց՝ խաղողի մթերմամբ զբաղվող 3 խոշոր ընկերություններն ընդհանուր առմամբ 90 հազար տոննայի չափով խաղող են մթերել, մթերման միջին գինը եղել է 150 – 155 դրամ, որը անցյալ տարվա նկատմամբ որոշակի չափով աճել է: Նախորդ տարի կոնյակի խաղողը մթերվել է միջինը 140-150 դրամով: Ավանեսյանը նշեց, որ սրանք բավական հուսադրող ցուցանիշներ են:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ խաղողի մթերումը մոտավորապես ե՞րբ կավարտվի: Ավանեսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ կոնյակի խաղողի մթերման սեզոնն ավարտին է մոտեցել, իսկ գինու խաղողի մթերման առումով նշեց՝ դեռ 4 – 5000 տոննա պետք է մթերվի:

«Գինու խաղողը սովորաբար շատ ավելի թանկ գներով է մթերվում, կոնյակի խաղողի մթերման սեզոնի ավարտի կապակցությամբ կարող ենք ասել՝ պրոբլեմատիկ մասն ավարտել ենք, քանի որ գնային և այլ խնդիրներն առաջանում էին կոնյակի խաղողի մթերման հետ կապված»,- ասաց նա:

x