45 մլն 840 հազ. դրամ՝ տոնական բրենդավորում, 128 մլն 638 հազ. դրամ՝ միջոցառումներ. որքա՞ն գումար է ծախսվել «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար |aysor.am|

aysor.am։ «Երեբունի-Երևան 2801» միջոցառման համար հատկացված 190 միլիոն դրամի բյուջեից 45 միլիոն 840 հազար դրամը տրամադրվել է տոնական բրենդավորմանը (լոգոտիպ, պաստառներ, տեսահոլովակ, ձայնագրություն, վարչական շրջանների համար նախատեսված շապիկներ, գրիչներ և այլն), 128 միլիոն 638 հազար դրամ էլ տրամադրվել է 13 միջոցառումների համար (12 վարչական շրջաններում, և 1 պաշտոնական միջոցառում), այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Նախորդ տարի Հայկ Մարությանի բանակցությունների ու բազմաթիվ քննարկումների արդյունքում ի սկզբանե 1 միլիարդից ավելի նախատեսված գումարից «Էրեբունի-Երևան 2800»-ին հատկացված բյուջեն դարձվեց 813 միլիոն 525 հազար դրամ: Սակայն ծախսվեց 507 միլիոն 602 հազար դրամը: Այս տարի այդ թիվն առավել նվազեցրինք՝ արդյունքում ունենալով միջոցառումներ ոչ թե միայն Փոքր Կենտրոնում, այլև՝ ամբողջ Երևանում», - նշեց նա:

Բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել:

Մրցույթին մասնակցած, սակայն թղթաբանական ու որակական բացթողումներ արած մի շարք կազմակերպությունների արգելվել է միջոցառումը կազմակերպել, մի քանիսն էլ (այդ թվում՝ ճանաչված կազմակերպություններ) հայտնվել են «սև ցուցակում», որոնք 2 տարի հնարավորություն չեն ունենա մասնակցելու Երևան քաղաքի միջոցառումների համար կազմակերպվող մրցույթներին։

x