Անում ենք այնպես, ինչպես այս պահին նպատակահարմար է. Վլադիմիր Կարապետյանը ՝ մեկ անձից գնումով գովազդային ծառայություններ պատվիրելու կառավարության որոշման մասին |pastinfo.am|

pastinfo.am:  «Արվել է օրենքի տառին համապատասխան, եթե օրենքի տառին համապատասխան է արվել, այդ դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,-  ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով մեկ անձից գնման ընթացակարգով վարչապետի աշխատակազմին գովազդային ծառայություններ ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու որոշմանը։

 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու, ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով վարչապետի աշխատակազմը պետբյուջեի պահուստային ֆոնդից 48 միլիոն 900 հազար դրամ կստանա։

Գնման առարկայի համար գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը։ Որպես պատճառ կառավարության որոշման մեջ նշվում էր ժամկետի սղությունն ու մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը։

Հարցին, թե այդուհանդերձ, ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել եւ արդյո՞ք մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.

«Դուք սովոր եք երեւի, որ վերջին 20 տարվա ընթացքում մշտապես այդպես է եղել , հիմա այդպես չէ։ Ուզում եք ասել՝ հիմա էլ այդպես է, այդպես չէ, անում ենք այնպես, ինչպես այս պահին նպատակահարմար է՝ հանրային շահից ելնելով։ Տրամաբանություն կա նրանում, որ Հայաստանի զարգացման ռազմավարության քննարկումները տեղի կունենան հնարավորինս շուտ, կարող էինք ավելի շուտ սկսել»։

 

x