Թեթև ՃՏՊ-ների ժամանակ փողոցներում խցանում ստեղծողներին կարող են սկսել տուգանել |panarmenian.net|

panarmenian.net: Ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ հայտնված այն վարորդները, որոնք կարգելափակեն երթևեկությունը, կստեղծեն խցանումներ, հնարավոր է` տուգանվեն: Այս մասին կառավարության նիստում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հղում անելով միջազգային փորձին:

Կառավարությունը հավանություն է տվել Կենտրոնական բանկի կողմից մշակված նախագծին, որը հնարավորություն է տալիս օգտագործել ժամանակակից թվային տեխնոլոգիաները ԱՊՊԱ-ի գրանցման ընթացքում համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս նախագծի շրջանակում նախատեսվում է լուծել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացող խցանումների խնդիրը՝ խուսափելով պատահարների ժամանակ երթևեկության կանգից:

«50-60․000 դրամ վնասի պատճառով կիլոմետրերով խցանումներ են լինում: Երկու ամսվա ընթացքում պետք է ունենանք նախագիծ, որը հնարավոր լուծումներ կտա այս հարցերին և, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի նման պետք է առաջ շարժվենք»,- ասել է Ավինյանը:

Նախարար Պապիկյանը նշել է, որ Հայաստանում, առայժմ հայեցողաբար, բայց գործում է ԱՊՊԱ-ի դեպքերի գրանցման կարգ, երբ վարորդները համաձայնության են գալիս վնասի չափփի մասով, ապա արձանագրում և ձևավորում փաստաթղթեր ապահովագրական ընկերությունների հետ:

«Նրանք պետք է լուսանկարահանեն տեղի ունեցածը, համաձայնեցնեն և հեռացնեն մեքենան երթևեկելի մասից, որպեսզի չխանգարեն երթևեկությանը: Մենք դիտարկում ենք Հայաստանում նմանատիպ կանոնակարգ ներդնելու հնարավորությունը, սակայն որոշ ասպեկտները դեռ անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Պապիկյանը:

x