Թուրքմենստանը հետաքրքրված է ՀՀ-ի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ. Բերդիմուհամեդով

news.am։ Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։

Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում եւ կարեւորել նրա այցը՝ եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում եւ շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման», - ասել է Թուրքմենստանի նախագահը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան եւ առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի եւ զարգացման շուրջ։

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեւիի,
ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլեւ մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաեւ տնտեսական համագործակցությունը։

Հայաստանի վարչապետը եւ Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի եւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարեւոր հիմք եւ ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, եւ փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարեւորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման եւ այլ հարցերի շուրջ։

x