Լուկաշենկոն ԱՊՀ գործընկերներին կոչ է արել աջակցել ուկրաինական նոր իշխանությանը |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների առաջնորդներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող իշխանությանը: Նա այս մասին հայտարարել է ուրբաթ Աշգաբադում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:

«Խոսելով Ուկրաինայում նոր իշխանության մասին՝ կցանկանայի ձեզ եւս կոչ անել աջակցել այդ իշխանությանը: Դուք տեսնում եք արդեն այդ իշխանությանը հետ շրջելու, զսպելու, տապալելու միտումը, բայց մենք պետք է հասկանանք, թե դրանից հետո Ուկրաինայում ով կգա իշխանության»,- նշել Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերել է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Լուկաշենկոն ասել է, որ ուկրաինական թեմայով դիրքորոշմամբ է հանդես եկել՝ կապված այն հանգամանքի հետ, որ ինքը, «ինչպես եւ Ռուսաստանի նախագահը, այս խնդրի մեջ շատ է ընկղմված»: «Որովհետեւ դա մեզ մոտ է տեղի ունենում»,- հավելել է Բելառուսի նախագահը:

Բելառուսի նախագահը նաեւ ԱՊՀ գործընկերներին է դիմել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները համատեղ լուծելու առաջարկով: «Միասին ենք եղել, միասին պատերազմել, եւ տեսեք, թե ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում: Քանի այդպիսի հակամարտություն կա: Ինչո՞ւ մենք այդ հարցերը չենք լուծում»,- հարցրեց Լուկաշենկոն:

«Եթե մենք ինչ-որ բանի ընդունակ ենք, անհրաժեշտ է լուծել այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծել ազնվորեն, արդարացիորեն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա վստահ է, որ «չի կարելի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ պետք է մարդկանց օգնության կանչել օվկիանոսի այն կողմից՝ օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: «Եկեք դրանք ինքներս լուծենք եւ նորերը չստեղծենք»,- կոչ է արել Բելառուսի նախագահը:

x