Տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն անհերքելի փաստ է. Արագածոտնի մարզպետ |aysor.am|

aysor.am։ Ծովի մակերևույթից 1000-4000 մետր բարձրության դիրքն Արագածոտնի մարզը գրավիչ է դարձնում թե' զբոսաշրջության, թե' գյուղատնտեսության և թե' արդյունաբերության համար, որոնց հետ կապված նոր ծրագրեր կան, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

«Մարզում ունենք նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ։ Սակայն խնդիր ունենք ամեն օր այս ամենին նոր թափ, նոր շունչ հաղորդելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ճանապարհին իրենց առաջ է մղում նվիրումն առ հայրենիք։

Մարզպետը նշեց, որ դեռ անցած տարվա գարնանը հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն և գնահատեց իր դերն ամբողջության մեջ։

«Հայաստանում տեղի ունեցավ անհնարին թվացողը՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։ Անհերքելի փաստ է նաև տնտեսական հեղափոխության հաջող ընթացքը։ Ես համոզված եմ, որ տնտեսական հեղափոխությունը հաջողվելու է, և ամեն մեկս պետք է այդ գիտակցումով առաջ շարժվենք», - ասաց Դավիթ Գևորգյանը։

x