«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան իրենց էջում գրում է․

«Պաշտոնական հայտարարություն

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը և Հերիքնազ Տիգրանյանը հայտարարություն տարածեցին, որտեղ մասնավորապես նշված էր․

«Խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը։ Նույն հայտարարության մեջ պատգամավորները նաև հայտնել են իրենց հանձնառության մասին՝ կատարելագործելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար»։

Արդեն բավականին ժամանակ է, որ մի շարք անհատներ, խմբեր կանխամտածված փորձում են ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում առաջացնել լարվածություն, անառողջ մթնլորոտ և օգտագործում են ատելության խոսքը, վերբալ բռնությունը՝ որպես իրենց հիմնական գործիքներ։ Այս խմբերը հաճախ նույնիսկ հատուկ անցնում են բոլոր կարմիր գծերը՝ հնչեցնելով ծնողների նկատմամբ հայհոյանքներ ու անպատվությունններ։ Մինչդեռ ՀՀ-ում ծնողի նկատմամբ ցանկացած հայհոյանք անընդունելի է, ու սա այն եզակի պնդումներից է, որի հետ կապված կա հասարակական համընդհանուր կոնսենսուս։ Շատ կարևոր է նշել, որ բռնության մասին պատկերացումները ՀՀ-ում ամբողջական չեն, քանի որ հաճախ բռնություն է ընկալվում միայն ֆիզիկական բռնությունը, մինչ վերբալ բռնությունը իր բնույթով կարող է ավելի վտանգավոր լինել՝ բերելով ամենածանր հետևանքները։

Արդեն տևական ժամանակ է, որ «Ռեստարտ» -ի անդամները բարձրաձայնում են այս խնդիրի մասին՝ կոչ անելով բոլոր համապատասխան մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ սկսած օրենսդրական կարգավորումներից վերջացրած հասարակական կոշտ անհանդուրժողականությամբ։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ հնչում էին հիմնականում այսպես ասած երկու հակափաաստարկներ՝ միջազգային փորձ, խոսքի ազատության սահմանափակումներ, որոնք, իհարկե, քննադատության չեն դիմանում։ Հենց եվրոպական մի շարք երկրներում ատելության խոսքի շատ տեսակներ՝ ռասիստական, կրոնական, ազգային և այլ, շատ վաղուց քրեականացված են։ Խոսքի ազատությունն, իհարկե, ժողովրդավարության կայացման և պահպանման գլխավոր երաշխիքներից է։ Այս պնդումը «Ռեստարտ»-ի անդամների համար բացարձակ ճմարտություն է և ուղեկցելու է մեզ մեր գործունեության ամբողջ ընթացքում, բայց մեզ համար նաև աներկբա է, որ ո՛չ ատելության քարոզը, ո՛չ զրպարտությունը, ո՛չ արժանապատվության ոտնահարումը ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ։

Հետևաբար, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, կարդալով պատգամավորների սույն հայտարարությունը, հայտնում են, որ մեծ ոգևորությամբ միանում են «Իմ քայլը» պատգամավորների հայտարարությանը և շնորհակալություն հայտնում նմանատիպ կարևոր նախաձեռնության համար։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնությունը կզսպի սրբություն չճանաչող որոշ տարրերի, առավել ներդաշնակ կդարձնի ներհասարակական հարաբերությունները՝ կրճատելով ինքնախեղման, հաշվեհարդարի և սպանության դեպքերը։

Հայտարարում ենք, որ մեր բոլոր միջոցներով աջացելու ենք սույն նախաձեռնությանը, իսկ այն պատգամավորներին, ովքեր դեռ չեն միացել, կոչ ենք անում միանալ և ձեռնամուխ լինել այս կարևոր աշխատանքի իրականացմանը։

Ողջունելի է, որ գնալով ավելի շատ պատգամավորներ են միանում հայտարարությանը։ Ստորև կարող եք տեսնել նախաձեռնությանը միացած բոլոր պատգամավորների ցուցակը։

1․ Մարիա Կարապետյան

2․ Արթուր Հովհաննիսյան

3․ Սարգիս Խանդանյան

4․ Թագուհի Ղազարյան

5․ Գայանե Աբրահամյան

6․ Հերիքնազ Տիգրանյան

7․ Վահագն Թևոսյան

8․ Նազելի Բաղդասարյան

9․ Համազասպ Դանիելյան

10․ Հովհաննես Հովհաննիսյան

11․ Հռիփսիմե Գրիգորյան

12․ Սոնա Ղազարյան

13․ Սոս Ավետիսյան

14․ Լիլիթ Ստեփանյան

15․ Միքայել Զոլյան

16․ Վահագն Հովհաննիսյան

17․ Արփինե Դավոյան

Հարգանքով՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն»։

x