Գյուղատնտեսության ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված եւ առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:

«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է եւ այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը եւ ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» եւ «Երախտագիտություն» մեդալներով պարգեւատրել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

x