Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. Պուտին |tert.am|

tert.am:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին, և շատ փախստականների տուն վերադարձը այդ հարցում շատ դրական հեռանկարներ է բացում: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:


«Կրկնում եմ, դա հեշտ գործընթաց չէ, դժվար է: Բայց իմ կարծիքով՝ այն հնարավոր է: Եվ գիտե՞ք, թե ինչն է ինձ ստիպում դրականի մասին մտածել: Այն, որ այսօր շատ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի օջախները: Խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին»,- հայտարարել է Պուտինը Al Arabiya, Sky News Arabia և RT Arabic հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Սիրիայում Քաղաքական կայունության հաստատման հեռանկարների մասին:

ՌԴ նախագահը նշել է, որ սիրիացիները վերադառնում են իրենց հայրենի բնակավայրեր ինչպես այլ երկրներից, այնպես էլ Սիրիայի ուրիշ շրջաններից: Պուտինի կարծիքով՝ դա նշանակում է, որ մարդիկ վստահում են իրավիճակին և այն պետություններին, որոնք հիմա ներկա են Սիրիայում: Պուտինը նշել է նաև, որ իրենց ռազմական ոստիկանությանը, որը հիմնականում բաղկացած է Հյուսիսային Կովկասի մահմեդականներից, տեղացիները շատ են վստահում, և շատերը պաշտպանություն են փնտրում հենց նրանց մոտ:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

x