Վերհանվել է բիզնես գործունեությանը խոչընդոտող 100 խնդիր. պետությունն աշխատում է այդ ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում վեր է հանել բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիր: 100-ից ավելի հարցերը դարձել են նախարարության աշխատանքային փաստաթուղթը:

«12 ոլորտային քննարկումներ կատարեցինք առանձին ճյուղեր ներկայացնող արտադրողների և արտահանողների հետ: Քննարկումների արդյունքում վեր են հանվել բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ։ Ունենք աշխատանքային օրակարգ՝ ձևավորված այն հարցերի շուրջ, որոնք հնչել են այդ քննարկումների արդյունքում: Նախարարության ստորաբաժանումներն այդ փաստաթղթով աշխատելով առաջիկայում կհանրայնացնեն այն կոնկրետ առաջարկությունները և լուծումները, որոնք տրվում են մեզ ուղղված հարցերի յուրաքանչյուրի առնչությամբ»,-ասաց նախարարը:

Խաչատրյանը վստահեցրեց, որ այն մեծ օրակարգը, որը ներառում է 100-ից ավելի հարց, դարձրել են նախարարության աշխատանքային փաստաթուղթը, որոշներն արդեն ունեն նախագծային կարգավորումներ:

Արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումները կայացել էին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ: Նախարարությունում իրականացված հանդիպումներին հետևել է քննարկում` ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

x