Նախագահի և Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակություններն ընդլայնված հանդիպում են ունեցել |shantnews.am|

shantnews.am:  Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


«Մենք պարոն վարչապետի հետ քննարկեցինք շատ կարևոր մի քանի հարցեր: Եվ իմ եզրակացությունը նույնն է. մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են,-ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք միասին կարող ենք շատ բաներ անել: Ուզում եմ, որ պարոն վարչապետը վստահ լինի՝ և՛ Հայաստանի ժողովուրդը, և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանեն, որ այդ հնարավորություններն իրականություն դառնան»:

Իր հերթին վարչապետ Գախարիան նշել է.

«Մենք քննարկեցինք հարցեր, թե ինչ պետք է անեն մեր երիտասարդները, քաղաքացիները, որ գլոբալ, մրցունակ աշխարհում լինեն համարձակ, օգտագործեն օրվա բոլոր հնարավորությունները և դառնան էլ ավելի մրցունակ ու նախաձեռնող: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով կհասնենք նրան, որ մեր քաղաքացիները կկարողանան հաղթահարել այս մրցակցությունը: Ինձ համար գործնականում դա նշանակում է հարաբերությունների սերտացում տնտեսության մեջ, քաղաքականության, մշակույթի, կրթության բնագավառներում»:


Ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները ու համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նոր տեխնոլոգիաների, կրթության ու գիտության, սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրեր իրականացվելու հնարավորությունների վերաբերյալ:

x