ՍԴ-ն շանս ստացավ ու չօգտագործեց |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Տիկին Տիգրանյան, ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի ներկայացրած դիմումը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Այո, ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը, ինչը նշանակում է, որ վարույթ ընդունելու պարագայում քննության առարկա կդառնային մեզ համար կասկածելի թվացող հանգամանքները կարգապահապան խախտում թույլ տալու հետ կապված։ Իսկ այս դեպքում պետք է սպասենք, որ պաշտոնապես հրապարակվի որոշումը, որպեսզի պատճառաբանության և հիմնավորումների հատվածից հասկանանք վարույթ չընդունելու պատճառները։

Հաշվի առնելով ՍԴ այն կազմը, որ այսօր կա, մի՞թե «Իմ քայլը» խմբակցությունն այլ ակնկալիքներ ուներ, և սա՞ էր ճիշտ տարբերակը խնդրի լուծման համար։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, ունենալով որոշակի փաստական հանգամանքներ ՍԴ նախագահի կողմից օրենքի խախտումներ թույլ տալու հետ կապված, ընդամենը կասկածի իրավունքով հայտնել է դրանց վերաբերյալ իր գնահատականները և փորձել է դա քննության առարկա դարձնել ՍԴ-ում։ Ասել եմ մեկ անգամ, հիմա էլ կրկնում եմ, որ ԱԺ-ի համար չպետք է կանխատեսելի լինեն ՍԴ-ի որոշումները, այլապես դա կլինի կառավարելի Սահմանադրական դատարան, ինչը մեր ցանկալի դատարանը չէ։ Մենք չունեինք պատկերացում, թե ինչպես կքվեարկի ՍԴ-ն այդ որոշման հետ կապված, մենք միանշանակ չէինք կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի։

Մյուս կողմից, սա խոսում է այն մասին, որ այդ մարմինն անկախ է և այդ որոշումը կայացնելիս իրենք կառաջնորդվեին իրենց ներքին համոզումով։ Եթե դիմումն ընդունվեր վարույթ, ապա այստեղ յուրաքանչյուր դատավոր իր ներքին համոզումով, փաստերի համադրությամբ կգար եզրահանգման՝ ներկայացված 4 դրվագներով կա՞ն օրենքի խախտումներ, թե ոչ։ Բայց, ցավոք, հարցը քննության առարկա չդարձավ, նշանակում է, որ մեր կասկածները շարունակում են մնալ որպես կասկածներ, որովհետև դրանք ոչ փարատվեցին, ոչ հերքվեցին։

Այսինքն՝ այս քայլով շանս էիք տալիս ՍԴ-ին իր նկատմամբ վստահությունը վերականգնելո՞ւ։

Դա նաև նշանակում էր, որ ՍԴ-ն ինքն իր քննիչ է դառնում, և ցանկացած որոշում այս դեպքում պետք է որ արժանահավատ լիներ։

Հիմա, երբ ՍԴ-ն մերժեց դիմումը վարույթ ընդունել, դուք խնդրի լուծման ի՞նչ տարբերակ եք քննարկում, և որ տարբերակն եք ավելի կենսունակ համարում։

Նախ այս որոշումն ունենալը շատ կարևոր է, որ հասկանանք, թե դիմումը ներկայացնելիս արդյոք տեխնիկական թերություններ են թույլ տրվել, թե՞ բովանդակային առումով անհամապատասխանություններ կան։ Ըստ էության, առաջին անգամ էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքով տրված հնարավորությունը փորձում էր խմբակցությունը կիրառել։ Եթե խնդիրը տեխնիկական է, ապա սա կարող էր լինել ուսուցողական օրինակ հետագա դիմումների համար։

Իսկ թե ՍԴ-ն որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին որքանով է համապատասխանում սահմանադրաիրավական կարգավորումներին, այդ մասին բազմիցս խոսվել է։ ՍԴ անդամների նշանակման և դատարանակազմության հետ գործ ունեցող կառույցների իրավասությունների հարցը ևս քննարկել ենք։ Կարծում եմ՝ իդեա ֆիքս չպետք է դառնա անպայման հասնել ինչ-որ բանի, եթե դրանում խնդիր չես տեսնում։ Պետք է տեսնել խնդիր և դա կարգավորել բացառապես իրավական ճանապարհով։

Դուք արձանագրել եք ճգնաժամը ՍԴ-ում, իսկ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ պաշտոնավարելու է մինչև իր ժամկետի ավարտը, այսինքն մինչև 2035 թվականը։

Այո, եթե առերևույթ օրենքի հետ կապված խնդիրներ չլինեն, նա կարող էր պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ավարտը։ Մենք իր պաշտոնավարման հետ կապված խնդիր տեսնում ենք կոնկրետ գործով, կոնկրետ ընթացակարգային և նյութական իրավունքի հետ կապված։ Որևէ մեկն ընդհանրապես, լինի դատարանի անդամ, թե դատավոր, իր արդարադատություն իրականացնելու հետ կապված ունենա օրենքի հետ խնդիրներ, այդտեղ պետք է բարձրացվի իր լիազորությունների դադարեցման հարցը։

Շարունակությունը՝ lragir.am-ում

x