Երևանում մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ |shantnews.am|

shantnews.am։ Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին:

«Մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: Կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին շուրջ 6 հեկտարն է իրացվում»:

Անանյանը նշեց, որ կենտրոնների շահագործման պահից, ինչը կլինի մոտ 3 տարուց, այնտեղ կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով.

«Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու: Մեր նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետությունը չէ, մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է: Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքաղաքը բեռնաթափվում է»:

Անանյանը համաձայն չէ, որ մարդիկ մեծ ծախս են անելու ավտոմեքենաները մաքսազերծելու համար` հանրապետությունը երկու կետի բաժանելը կօգնի խուսափել դրանից:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ նոյեմբերի սկզբին Գյումրիում ունենալու ենք 6 հեկտարի վրա գործող ավտոմաքսատուն՝ հագեցած բոլոր պայմաններով և տեխնիկայի վերջին ճիչով: Շինարարները 24-ժամյա ռեժիմով են աշխատում:

x