ՀՀ փոխոստիկանապետը Ստոկհոլմում քննարկել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը շվեդ պաշտոնյաների հետ Ստոկհոլմում քննարկեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեդիայում ՀՀ դեսպանության աշխատակիցը։

ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեդիայի Թագավորության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների պատվիրակության հետ, որը գլխավորում էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիլտոն Վահրենը:

Շվեդական կողմը ողջունեց նախքան ՄԱԱԵ մեկնարկը ԵՄ անդամ երկրների հետ ուղղակիորեն երկխոսելու և նրանց տեսակետներին հաղորդակից դառնալու Հայաստանի նախաձեռնությունը:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ խորացնելու միգրացիոն ոլորտում համագործակցությունը, ինչը պարարտ հող կստեղծի ՄԱԱԵ-ն հաջողությամբ նախապատրաստելու և իրականացնելու համար:

x