Ճիշտ չեմ համարում, երբ ասում են՝ ինչու ուրիշի հարցը լուծվեց, մերը՝ ոչ. բոլորինը կլուծվի. Փաշինյանը զոհվածների ծնողներին |news.am|

news.am: Հայաստանում շատ ավելի հեշտ է հարց չլուծելը, քան լուծելը. մենք ասացվածք ունենք՝ «մի տնից չենք, մի հալի ենք»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, է զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ տեսնում ենք, որ մեր հարցերը լուծված չեն, բայց ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է ազգային ասացվածքի տրամաբանության մեջ, որ մի տնից չենք, մի հալի ենք»: Բայց երբ ամենավերջից սկսվում է հարցերը լուծվելով գալ, մենք սկսում ենք այդ պրոցեսին բացասաբար վերաբերվել՝ մտածելով, որ ավելի լավ կլիներ, որ հին տրամաբանությունը պահպանվեր, քան հարցը սկսեր լուծվել:

Ես հասկանում եմ, թե դա որտեղից է, որովհետեւ մարդիկ մտածում են, որ գուցե հարցը գա կանգնի իրենց շեմին եւ այդպես էլ վերջին քայլը չարվի: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք այդ քայլը եւ գնալու ենք մինչեւ ամենասկիզբը»,-հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետեւ կան ծառայության ժամանակ զոհված զինվորներ, որոնց հարազատները շահառու չեն. «Հիմա պայմանն այնպիսի է, որ դեպքը պետք է մարտական հերթապահության ժամանակ տեղի ունեցած լինի: Բայց եթե ասենք, զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, հիմա ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե ոչ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու: Ասենք զինվորը մարտական դիրքում չի, բայց զոհվել է հակառակորդի կրակոցից, նա չի համարվում շահառու: Հիմա այդ հարցը կլուծենք, հետո կանցնենք նաեւ վթարների խնդրին: Մենք հիմա այդպիսի նախագիծ ունենք:

Մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը ոչ պատշաճ վերաբերմունք ունենա որեւէ հանգամանքի բերումով զոհված զինծառայողի կամ որեւէ քաղաքացու նկատմամբ ընդհանրապես: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ անխուսափելի բան է, որ մենք ստիպված ենք որոշակի տարբերակումներ մտցնել»,-հայտարարեց Փաշինյանը:

«Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իրենց ակնկալիքն է, որ իրենց ընտրած վարչապետը անի այն, ինչ չեն արել նախկինները: Նա հիշատակեց, որ «մարտի 1»-ի 10 զոհերի հարազատներին պետությունը տալիս է 30 մլն դրամ. « Հանկարծ մտածեք, թե ես նախանձում եմ, որ ինչ-որ մեկին 30 մլն դրամ եք տվել: Եթե կարող եք 5 րոպե հետ տվեք մեր մինուճար զավակներին, ես իմ տունն էլ կտամ ձեզ: Ես ակնկալում եմ, որ մեր հարցին էլ կտաք որոշակի լուծում, մի տարեք հարցը հիմնադրամ: Ուզում եմ, որ ձեր սրտի դավթարում մենք էլ տեղ ունենանք:

25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Սրան վարչապետն արձագանքեց. «Մենք այս փոփոխություններով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի տալիս ենք 48 մլն դրամ: Մենք 10 հոգու տվել ենք 30 մլն դրամ, 370 հոգու տալիս ենք 48 մլն դրամ: Ես ասում եմ, որ ձեր նշած կատեգորիայի, մեր սիրելի որդիների հարցը կլուծվի այս սկզբունքի տրամաբանության մեջ, հիմնադրամի շրջանակներում: Ես ճիշտ չեմ համարում շեշտադրումը, երբ ասում են՝ ինչու ուրիշների հարցը լուծվեց, իսկ մերը չլուծվեց: Դա ընդհանրապես հանրային համակեցության տրամաբանությանը հակասող շեշտադրում է»:

x