Սիրիական զորքերը դուրս են եկել Քոբանիից հյուսիս ընկած Թուրքիայի հետ սահման |aysor.am|

aysor.am։ Սիրիական բանակի զինծառայողները դուրս են եկել Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Քոբանի (Այն Էլ Արաբ) քաղաքից հյուսիս ընկած Սուկ Էլ Հալի շրջանով անցնող Թուրքիայի հետ սահման, հայտնել է Al Watan թերթը:

Հաղորդվում է, որ զինվորներն ազգային դրոշ են բարձրացրել այդ սահմանային պահակակետի վրա:

Սիրիական զորքերի ստորաբաժանոումներն առաջիկա ժամերին կտեղաբաշխվեն Թուրքիայի և Իրաքի հետ սահմանի այլ հատվածներում, մասնավորապես, նրանց հսկողության տակ կանցնի Յարուբիի հսկիչ անցակետը և Էլ Մալիքիա ու Այն Դայվար բնակավայրերը: Կառավարական ուժերն այդ սահմանամերձ շրջանները կզբաղեցնեն 2012 թվականից ի վեր առաջին անգամ:

Նշվում է, որ սիրիական բանակի ստորաբաժանումներն իրենց ներկայությունն ընդլայնել են Հասեքիի նահանգի հյուսիս-արեւմուտքի Թել-Թամերի շրջանում՝ զբաղեցնելով այդ քաղաքից 15 կիլոմետր շառավղով գտնվող բոլոր բնակավայրերը:

 

x