Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ չենք դրել. Ավինյանը՝ ՍԴ նախագահի հետ կապված քրգործ հարուցելու մասին |news.am|

news.am: Կառավարությունն իր առջև Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ իր չի դրել։ Այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը զավթելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու ՀՔԾ որոշմանը։

«Ես կարող եմ միայն փաստել, որ Հատուկ քննչական ծառայությունում պատգամավորի կողմից մատնանշված խնդիրների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կարծում եմ քննությունը ցույց կտա ընթացքը»,–ասաց նա։

Հարցին, արդյոք սա բարձր դատարանի նկատմամբ հերթական ճնշման փորձը չէ, կառավարության ներկայացուցիչը արձագանքեց.

«Բարձր դատարան լինելու հետ կապված նախկինում պետք է մտածեին, համապատասխան վերաբերմունք և հարգանք ցուցաբերեին այդ դատարանի նկատմամբ, որպեսզի մենք այսօր նմանատիպ հարցեր մեր օրակարգում առհասարակ չունենայինք։ Խնդիրները պետք է պատշաճ քննարկվեն, և ես կարծում եմ, որ քննությունը կտա այդ հարցերի պատասխանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձո՞վ է պայմանավորված և եթե նա հրաժարական տա, այս գործընթացները կդադարեցվե՞ն, Ավինյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ միայն անձով է պայմանավորված ինստիտուտի աշխատանքը»։

 

x