Լավ արդյունքի հասնելու համար պետք է գտնել համակարգային լուծումներ, որոնք փոփոխությունների կհանգեցնեն նաև Ընտրական օրենսգրքում, հարակից օրենքներում և Սահմանադրության մեջ. Սուրեն Սահակյան

ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումների ժամանակ ՔՈ ՍԴԿ գերագույն մարմնի անդամ Սուրեն Սահակյան իր ելույթի սկսզբում հիշեց, որ երբ ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում անցումային արդարադատության վերաբերյալ լոսումների ժամանակ, անդրադարձել էր համապարփակ վերափոխումներին, որոնցից առանձնացրել էր «Կուսակցությունների մասին» և հարակից օրենքներով նոր քաղաքական համակարգի ստեղծման անհրաժեշտությունն ու հրատապությունը:

«Մեր ունեցած համակարգը նպաստավոր պայմաններ է ստեղծել, որ կուսակցություն և քաղաքական գործիչ լինելը դառնան արգահատելի երևույթներ: Դրանք կտրվել են հանրությանն իրապես հուզող հարցերից, կորցրել են իրենց սոցիալական դերն ու նշանակությունը, վերածվել տնտեսական կլանների և բիզնեսի քաղաքական տանիքների:

Ընտրությունների կեղծված լինելու հանգամանքով պայմանավորված՝ վերացել էր իրական քաղաքական կուսակցությունների ստեղծման հնարավորությունն իսկ, ներկուսակցական կյանքում որոշումների կայացման ոչ թափանցիկ, ոչ ժողովրդավար բնույթը կարող, ունակ ուժերին զերծ են պահել ֆորմալ քաղաքականության միջավայր ներգրավվելուց՝ պարարտ հող ստեղծելով օպորտունիստների, իրենց կուսակցության գաղափարների և ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունեցող «քաղաքական գործիչների» առաջացման և կայացման համար: Եվ այս պայմաններում է, որ թե՛ հեղափոխական գործընթացներից առաջ, թե՛ դրանից հետո հետևողականորեն պնդում ենք, որ իրերի այս դրությունը պետք է փոխվի, և որպես այդպիսի փոփոխությունների բաղադրիչ ենք դիտարկում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը»,- նշեց նա:

Սուրեն Սահակյանի խոսքով՝  նման փոփոխությունների սկիզբը պետք է դրվեր անմիջապես հեղափոխական գործընթացներից հետո, որպես անցումային կառավարության հիմնական գործառույթ, բայց դա չի նշանակում, որ եթե ուշացրել ենք, պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը:

«Իրապես լավ արդյունքի հասնելու համար պետք է ցուցաբերել համալիր մոտեցում, գտնել փաթեթային և համակարգային լուծումներ, որոնք փոփոխությունների կհանգեցնեն նաև Ընտրական օրենսգրքում, հարակից օրենքներում և Սահմանադրության մեջ:

Այսպիսով, մեր առաջարկն է դանդաղ շտապել, նախ նկարագրել այն քաղաքական համակարգը, որով ուզում են փոխել երեկվանը, և, իսկապես, որպեսզի պարզենք, թե մեզ ինչ փոփոխություններ են պետք հենց այս օրենքում, մենք պետք է ձևակերպենք, թե ինչպիսի քաղաքական համակարգ ենք պատկերացնում ապագայում, որպեսզի կարողանանք գնահատել, թե ինչքանով կարող է արդյունավետ լինել այս մեկի մեջ արված որևէ փոփոխություն»,- եզրափակեց նա:

 

 

x