Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին |armtimes.com|

armtimes.com:  Չնայած երեկ կնքված հրադադարի համաձայնությանը, Թուրքիան առավոտից խախտում է պայմանավորվածությունը:

Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել է թուրքական բանակի հարձակումների արդյունքում զոհերի մասին:

«5 խաղաղ բնակիչ է զոհվել Ռաս-էլ-Այր բնակավայրի մոտակայքում գտնվող Ում-ալ-Խեյր գյուղի ուղղությամբ թուրքական ռեժիմի ավիահարվածի հետեւանքով»,-փոխանցում է Ikhbariya հեռուստաալիքը:

Նշվում է, որ եւս 20 մարդ է տուժել՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Միեւնույն ժամանակ քրդերը, որոնք ավելի վաղ եւ հայտարարել էին Թուրքիայի կողմից պայմանավորվածությունը խախտելու մասին, նշել են, որ զոհերը Սիրիայի դեմոկրատական ուժերի արաբա-քրդական ջոկատի զինվորներն են, իսկ քաղաքացիական անձանց թվում են միայն վիրավորները:

Ավելի ուշ al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական օդուժի ավիահարվածների հետեւանքով այսօր գրանցված 13 զոհերի եւ 70 տուժածների մասին: Ավտոշարասյունը սիրիական Թելլ-Թամր բնակավայրից շարժվելիս է եղել Ռաս-էլ-Այնի ուղղությամբ:

Թուրքիայի գործողություններն ու դրանց հետեւանքները քննադատվեցին աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, թեպետ չնայած այս հանգամանքին ԱՄՆ-ը ռազմական գործողությունների ընթացքում ամբողջությամբ դուրս բերեց իր զորքերը Սիրիայի տարածքից՝ այսպիսով մենակ թողնելով իր վաղեմի դաշնակիցներին՝ քրդերին: Ի պատասխան քրդերը համաձայնության եկան պաշտոնական Դամասկոսի հետ, իսկ Բաշար Ասադը տեղափոխեց իր զորքերը գործողությունների կիզակետ համարվող տարածքներ, կառավարական զորքերը պաշտպանական նկատառումներով զբաղեցրին մի քանի բնակավայրեր:

Երեկ, մի շարք բանակցություններից հետո Թուրքիա գործուղվեցին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում Փենսը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 120-ժամյա հրադադարի մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

«Թուրքիան կդադարեցնի գործողությունները, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) հնարավորություն ունենան դուրս գալ անվտանգության գոտի 120 ժամվա ընթացքում: «Խաղաղության ակունք» գործողության մեջ ներառված բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն անմիջապես այն բանից հետո, երբ քրդական ինքնապաշտպանական ուժերը դուրս գան հիշյալ գոտի »,-ասել էր Փենսը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում էր արել՝ նշելով, որ Էրդողանի քայլի արդյունքում փրկվելու են միլիոնավոր կյանքեր։

Թրամփի թվիթերյան գրառումը մեկնաբանել էր Էրդողանը՝ գրելով, որ ավելի շատ կյանքեր կարող են փրկվել, եթե բոլորը մ իավորվեն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

x