RElection [#15] Կուսակցություններում պետք է լինեն բացառապես գաղափարական մարդիկ և չառաջնորդվեն անձնական կամ խմբային շահերով․ Լենա Նազարյան

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում  նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։

-Ի՞նչ հիմնական բարեփոխումներ է պետք կատարել կուսակցությունների ներքին ժողովրդավարության կայացման համար։ Այս տեսանկյունից հնարավոր համարու՞մ եք, որ ներդրվի կուսակցությունների ղեկավար մարմնի նիստերը պարտադիր ուղիղ եթերով հեռարձակելու կարգավորում։ Ինչպե՞ս կվերաբերվեք դրան։  

-Նախ, կա կուսակցությունների գործունեության կարգավորման երկու մոտեցում: Առաջին մոտեցումն այն է, երբ պետությունը չի միջամտում կուսակցության ինքնավարությանը, ներքին գործերին: Երկրորդ մոտեցումն այն է, երբ պետությունը կուսակցությունների գործունեության համար որոշակի նաև խիստ կարգավորումներ է նախատեսում, որոնք կապված են կուսակցության ներքին ժողովրդավարության հարցերի հետ, մասնավորապես` կուսակցության ղեկավար կազմի ընտրության և ընտրական ցուցակների ձևավորման հետ: Այս երկու հարցերը, թերևս, ամենազգայուն հարցերն են, որոնք վերաբերում են ներքին ժողովրդավարությանը։ Եվ եկեք հենց այդ համատեքստում էլ քննարկենք այդ հարցերը. կուսակցության ղեկավար կազմի և ընտրական ցուցակների ձևավորում:

Ներկայումս գործող «Կուսակցությունների մասին» օրենքը պահանջում է, որ կուսակցությունն իր կանոնադրության մեջ սահմանի, թե ինչ կարգով է ձևավորելու կուսակցության ղեկավար կազմը և ընտրական ցուցակները: Նաև գրված է, որ ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում կուսակցությունների անդամների առաջարկները: Հիմա օրենքով կա ազատ գործելու որոշակի դաշտ և, փաստացի, տեղի է ունենում այն, որ հաճախ կուսակցության առաջնորդը միանձնյա որոշում է կայացնում, թե ով կլինի կուսակցության ղեկավար կազմում, ղեկավար կազմը տարիներով չի փոխվում, կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմն են կազմում ընտրական ցուցակները:

Քննարկելով այս հարցերը՝ մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցին. ինչպե՞ս անել, որ կուսակցություններում հաստատվի ներքին ժողովրդավարություն, ղեկավար կազմը և ընտրական ցուցակները չձևավորվեն միանձնյա կամ մի խումբ մարդկանց կողմից միայն և գործեն ժողովրդավար մեթոդներ, մյուս կողմից՝ դա չդիտարկվի անհարկի, անհամաչափ միջամտություն կուսակցության ինքնավարությանը: Այս երկու հարցերն են, որ մենք պետք է բալանսավորենք: Որպես ժողովրդավարության գործիք մենք՝ որպես կուսակցություն, ես նկատի ունեմ Քաղաքացիական պայմանագիրը, ղեկավար կազմն ընտրել ենք փակ քվեարկությամբ, ինչն օրենքով չի պահանջվում: 

Շատ ենք խոսել կուսակցության կողմից ընտրական ցուցակների ձևավորման ընթացքում նախնական ներկուսակցական ընտրությունների կամ այպես կոչված փրայմերիզների ներդրման գաղափարի մասին: Նաև ունենք դրա փորձը, և ես շարունակում եմ պաշտպանել այդ գաղափարը: Կարծում եմ, որ կուսակցությունների կայացման համար անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում, որով նրանք պարտադրված կլինեն ներքին ընտրություններ անելիս առաջնորդվել ժողովրդավար մեթոդներով, իսկ փրայմերիզը ընտրական ցուցակների ձևավորման համար ամենահայտնի ժողովրդավար մեթոդն է:

Հիմա այս մոտեցմանը վստահաբար դեմ կլինեն քաղաքական շատ ուժեր,
որոնց անդամները գաղափարական հենքով չեն հայտնվել կուսակցությունում։ Եվ դրա պատճառով հնարավոր է ինչ-ինչ ազդեցությունների ներքո նենգափոխել ընտրությունների իրական պատկերը։ Եթե մարդիկ չեն եկել կուսակցություն, և նրանց ընտրությունը գաղափարական չէ, իսկապես կա վտանգ, որ եթե լինեն ներքին ընտրություններ, ապա ղեկավար կազմում կամ ընտրական ցուցակներում առաջին տեղերում կընտրվեն մարդիկ, որոնք գաղափարական նկատառումներով չեն ընտրված, այլ ինչ-որ անձանց, պատվիրակների անձնական կամ խմբային շահերով է պայմանավորված այդ ընտրությունը:

Բայց ես, իհարկե, գալիս եմ այն մտքին, որ կուսակցություններում պետք է լինեն բացառապես գաղափարական մարդիկ և չառաջնորդվեն անձնական կամ խմբային շահերով, հակառակ պարագայում պարզապես չենք ունենա քաղաքական կուսակցություններ և քաղաքական քննարկումներ, առողջ քաղաքական դաշտ: Սա է ներքին ժողովրդավարության հետ կապված իմ պատկերացումը։

Ինչ վերաբերում է ղեկավար կազմի նիստերի ուղիղ հեռարձակմանը, ես այստեղ միանգամից և միանշանակ ասում եմ՝ ո՛չ, ես կողմ չեմ: Ես եղել եմ կուսակցության ղեկավար կազմի փոխնախագահ ու վարչության անդամ և շատ լավ գիտեմ, թե որքան կարևոր է այդ նիստերի ժամանակ անկաշկանդ, ազատ խոսելը։ Շատ հարցեր կան, որոնք հնարավոր չէ քննարկել հրապարակային, ինչը բոլորովին չի նշանակում, թե փակ հանդիպմանը կայացվում է հակաժողովրդավարական որոշում։ Պարզապես վստահ եմ, որ լիարժեք բաց խոսակցության համար պետք են նաև որոշակի պայմաններ, որպեսզի չգործի ինքնագրաքննությունն այնքան, որքան որ դա կարող է ազդել անկեղծ խոսքի վրա: Դա բոլորովին կապ չունի ժողովրդավարության հետ: Եթե կուսակցությունը ցանկանում է ներկայացնել իր ղեկավար կազմի որոշումը, ապա ամեն նիստից հետո կարող է ներկայացնել դա ասուլիսի միջոցով և հանրությանը հայտնել իր որոշումների մասին:

-Կուսակցություններում սեռերի հավասար ներգրավվածության, կուսակցությունների վարչություններում կանանց ներկայացվածության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում։

-Դեռ հնչում են հարցեր` արդյոք պե՞տք է խստացնել սեռերի հավասարության կամ ավելի պարզ ասած՝ կանանց քվոտայի մեխանիզմը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որի անդամ ենք մենք 2001 թվականից, իր երաշխավորություններում առաջարկում է մինչև 2020 թվականը մեծացնել կանանց ներգրավվածությունը խորհրդարաններում մինչև 40%: Եվ առավել արդյունավետ մեխանիցմներից է դիտարկվում գենդերային քվոտաների ամրագրումը, այսինքն` դա այն գործիքն է, որով հնարավոր է կանանց ներկայացվածությունը խորհդարաններում մեծացնել:

Գոյություն ունեն երեք տեսակի քվոտաներ․ կանանց ներկայացվածության որոշակի նվազագույն չափ կուսակցությունների ընտրական ցուցակներում: Այդ քվոտայի տեսակը մենք կիրառում ենք 25%-ի չափով: Հաջորդ հերթական ընտրությունների համար, եթե չփոխենք օրենքը, կլինի արդեն 30%: Հաջորդ քվոտայի տեսակը որոշակի քանակությամբ տեղեր խորհրդարանում է ապահովում։ Եվ երրորդը կուսակցությունների կողմից սահմանված կամավոր քվոտաներն են, այսինքն` օրենսդրական որևէ իմպերատիվ պահանջ չկա ո՛չ ընտրական ցուցակներում, ո՛չ խորհրդարանում տեղեր ունենալու վերաբերյալ, բայց սահմանված է, որ կուսակցությունները կամավոր կերպով կարող են նախատեսել քվոտաներ:

Ես կարծում եմ, որ կարևոր է հիմնավորել, թե ինչու է պետք կանանց քվոտան: Նախ ներկայացնեմ փաստացի վիճակը մեր երկրում։ 132 պատգամավորից 31-ն է կին, 12 նախարարից միայն մեկն է կին, 45 փոխնախարարներից՝ ընդամենը 12-ը, բոլոր 10 մարզերի մարզպետները տղամարդ են, 20 խոշոր քաղաքների քաղաքապետներից միայն մեկն է կին, 43 դեսպաններից` միայն 6-ը։ Ահա այսպիսի, իմ կարծիքով, շատ անարդար պատկեր է։ Եվ ես ուզում եմ ներկայացնել նաև փաստարկները, թե ինչու է պետք փոխել այս պատկերը։ Նշեմ, որ սրանք իմ փաստարկները չեն, առհասարակ միջազգային փաստաթղթերում են նշվում սրանք։

Նախ, արդարության փաստարկը․ կանայք պետք է զբաղեցնեն մանդատների կեսը, քանի որ նրանք զբաղեցնում են բնակչության կեսը։ Շատ տրամաբանական և արդար է չէ՞ թվում։ Հաջորդը փորձի փաստարկն է․ կանայք ունեն կենսաբանական և սոցիալական գործոններով պայմանավորված այնպիսի տարբերվող փորձ, որը չի կարող ներկայացնել հակառակ սեռի ներակայացուցիչը, և պետք է ներկայացնի միայն տվյալ սեռի ներկայացուցիչը, այսինքն՝ կինը։ Շահագրգռվածության փաստարկ․ կանայք և տղամարդիկ որոշ հարցերում ունեն հակասական շահեր, և այդ շահերը չեն կարող ներկայացվել տղամարդկանց կողմից։ Խորհրդանշական փաստարկ․ յուրաքանչյուր կին քաղաքական գործիչ, անկախ քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելիությունից, օրինակ է բոլոր կանանց համար։ Եվ ևս երկուսը՝ կրիտիկական զանգվածի փաստարկ․ կանաց ներգրավվածությունը պետք է հասնի որոշակի մակարդակի, որպեսզի նրանք կարողանան հասնել կանանց շահերը արդյունավետ ներկայացնելու նպատակին, այսինքն՝ եթե մենք ապահովում ենք կանանց ներգրավվածություն, բայց դա բավարար չէ, նշանակում է, որ շահերը չեն կարող արդյունավետ ներկայացվել և հասնել նպատակին։ Դա ավելի շատ ձևական ներկայացվածություն կլինի, քան կոնկրետ արդյունքի միտված։ Վերջինը ժողովրդավարության փաստարկն է․ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը նպաստում է կառավարման ժողովրդավարացմանը։

40% քվոտան, որին ես կողմ եմ, վերաբերում է ընտրական ցուցակներին: Ինչ վերաբերում է կուսակցությունների ղեկավար կազմում սեռերի հավասարության քվոտային, ապա պետք է ասեմ, որ մենք դեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ հասկանալու՝ արդյոք կան աշխարհում «Կուսակցությունների մասին» օրենքներ, որտեղ ձևակերպված է կանանց պարտադիր քվոտա ունենալու պայմանը։ Ես կողմ եմ, որ սահմանվեն, բայց պետք է ուսումնասիրվի՝ ինչ օրինակներ կան, քանի որ բերվում են նաև հակափաստարկներ՝ կապված կուսակցության ղեկավար կազմի ինքնավարության հետ։ Բայց եթե անգամ «Կուսակցությունների մասին» օրենքում չամրագրենք պարտադիր պայման կանանց քվոտա ունենալու կուսակցությունների ղեկավար կազմերում, ապա կարծում եմ՝ գոնե պետք է հատուկ նշենք կանանց ներառականության հարցը՝ որպես ժողովրդավարության սկզբունք, նախատեսենք, որ կուսակցություններն իրենց կանոնադրություններում և ծրագրային փաստաթղթերում հատուկ դրույթներ ունենան դրա վերաբերյալ։ Իսկ արդեն ընտրական ցուցակների ձևավավորման ժամանակ կարող ենք Ընտրական օրենսգրքում սահմանել քվոտա ունենալու իմպերատիվ պայման և այդ ժամանակ էլ քննարկենք քվոտայի չափը, տեսակները, նկատի ունեմ՝ քվոտա ցուցակու՞մ,  թե՞ հստակ տեղեր խորհրդարանում։

Ուզում եմ նաև նշել, որ շատ կարևոր եմ համարում կանանց գործունեությունը կուսակցությունում, մասնակցությունը ժողովներում, որովհետև այդ միջավայրը շատ կարևոր է, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ իրենց համար հասկանան՝ ցանկանում են արդյոք շարունակել միասին իրենց գործունեությունը քաղաքական դաշտում՝ արդեն խորհրդարանում կամ ավագանիում, որովհետև եթե այդ միջավայրում նրանք չեն գտնվել ի սկզբանե, հայտնվելով խորհրդարանում՝ շատ դեպքերում մի տեսակ մոլորված վիճակում են հայտնվում՝ չհասկանալով, թե ինչից պետք է սկսեն, ինչ գործունեություն ծավալեն, և շատ դժվար է լինում կողմնորոշվելը։ Լինում է, որ այդպես էլ մինչև վերջ չեն կարողանում կոմնորոշվել։ Իսկ ի սկզբանե ներգրավված լինելով կուսակցությունում, ղեկավար կազմի աշխատանքներում և առհասարակ կուսակցության գործունեության մեջ՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ ի սկզբանե կողմնորոշված են լինում՝ ուզում են արդյոք շարունակել, թե, այնուամենայնիվ, դա նրանց համար չէ։

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի կուսակցությունների հանրային ֆինանսավորման տրամաբանությունը։ Համազասպ Դանիելյանը նշում էր, որ աջակցություն կստանան ընտրություններին մասնակցած և որոշակի արդյունք գրանցած կուսակցությունները։ Համաձայն չե՞ք արդյոք, որ սա այնքան էլ չի տարբերվում գործող կարգավորման փիլիսոփայությունից։

-Նորաստեղծ կուսակցությունները կարող են, և կարծում եմ՝ նրանց խնդիրը հենց պետք է լինի մասնակցել ընտրություններին, և որշակի շեմը հաղթահարելու դեպքում միայն ստանան պետական ֆինանսավորում հետագա գործունեությունը անխափան կազակերպելու համար։ Ինձ նույնպես այս մոտեցումը տրամաբանական է թվում, որովհետև հակառակ դեպքում պետությունը չի կարող ֆինանսավորել ստեղծված բոլոր կամ նորաստեղծ կուսակցություններին, զուտ որովհետև ստեղծվել են, սակայն ո՛չ մասնակցում են ընտրություններին, ո՛չ էլ որոշակի արդյունք են գրանցում, որպեսզի դրա հիման վրա պարզ լինի՝ արդյոք ունեն հանրային աջակցություն, թե ոչ։ Այնպես որ ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ այդ առումով և կարծում եմ, որ պետական աջակցություն պետք է տրամադրվի ընտրություններին մասնակցած և որոշակի շեմը հաղթահարած կուսակցություններին։

Այժմ գործող օրենքով նախատեսվում է պետական ֆինանսավորում 3%-ի արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների համար և 40 դրամ մեկ քվեի դիմաց։ Հիմա մենք քննարկում ենք պետական աջակցության չափը, արդյոք շատ, թե քիչ է 40 դրամը 1 քվեի դիմաց և միանշանակ պատասխանի դեռ չենք հանգել։ Գուցե այդ 3%-ը պակասի, գուցե արգելապատնեշից բացի լինեն նաև այլ չափանիշներ։ Օրինակ, եթե կուսակցությունը ներկայացնում է կանաց, երիտասարդների, հաշմադամություն ունեցող կամ էթնիկ խմբերի քաղաքական մասնակցությանն ու ներառմանն ուղղված ծրագրեր, ապա ֆինանսավորումը կարող է ավելի շատ լինել։ Կարող է լինել նաև հակառակ մոտեցումը՝ չտալ պետական ֆինանսավորում այն կուսակցություններին, որոնք ջանք չեն գործադրում խրախուսելու նշված խմբերի մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Այս երկու մոտեցումերի փորձն էլ կա աշխարհում, նոր բան հորինելու կարիք չկա։ Մենք պետք է պարզապես ուսումնասիրենք և հասկանանք՝ ինչպիսի մոտեցում ենք ուզում կիրառել։ Պետական ֆինանսավորում պետք է, բայց պետք է պարզապես հասկանանք չափը, հասկանանք՝ քանի տոկոսի հաղթահարման դեպքում կուսակցությունը կարող է ակնկալել այդ աջակցությունը։

-Որոշ փորձագետներ և քաղաքական ուժեր առաջարկում են քաղաքացիների կողմից իրենց նախընտրած կուսակցությանը իրենց վճարած հարկերի որոշակի տոկոսը փոխանցելու հանրային ֆինանսավորման մեխանիզմը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոդելին։

-Մի քիչ լավ չեմ հասկանում այդ տրամաբանությունը, որովհետև հարկերն արդեն իմը չեն, իմ անձնական գումարները չեն, որ ես որոշեմ՝ ում եմ փոխանցում։ Օրենսդրորեն սահմանված են հարկեր, որոնք ես պարտավոր եմ վճարել՝ ուզեմ թե չուզեմ, և դա փոխանցվում է պետական բյուջե։ Արդյոք ես կարո՞ղ եմ որոշել, թե դրա մի մասը փոխանցվի որևէ կուսակցության, թե ոչ։ Չգիտեմ՝ այդպիսի փորձ կա արդյոք, բայց եթե ներկայացնում են, գուցե կա, սակայն ինձ ծանոթ չէ, որ դրա մասին խոսեմ։

Ինձ դուր է գալիս մի մոդել, որ պետությունը կուսակցությանն աջակցում է նույն չափով, որ չափով կուսակցությունը հանրային նվիրատվություններ է ստացել և ծախսել կուսակցության գործունեության համար՝ ասենք տարեկան կտրվածքով։ Այսպես կարելի է հասկանալ, թե որքանով է պահանջված տվյալ կուսակցության գործունեությունը։ Ես էլ այսպիսի մի մոդել կարող եմ առաջարկել, երբ էլի հանրությունը որոշակի կերպով ցույց է տալիս իր աջակցությունը, և այդ չափով էլ պետությունը շարունակում է լրացնել կուսակցության ֆինանսավորումը։

-Պատժամիջոցներ ներդնելու ի՞նչ հիմնական տարբերակներ է քննարկում ԱԺ աշխատանքային խումբը։

-Գործող օրենսդրությամբ կուսակցությունների կողմից կատարված իրավախախտումների համար նախատեսված պատժամիջոցները համաչափ չեն, օրինակ՝ կարող է վարչական պատժամիջոց սահմանվել մի գործունեության համար, որը,  տրամաբանորեն, ավելի մեծ պատիժ է ենթադրում, կամ կարող է անհամաչափ խիստ պատիժ սահմանել մի խախտման համար, որը կարելի է համարել ոչ այնքան խիստ պատժամիջոցի ենթակա։ Հիմա մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ պատժամիջոցները լինեն արդյունավետ, համաչափ և կանխարգելող։ Եվ որպեսզի կանխարգելիչ ազդեցությունը շատ ավելին լինի, մենք նախ պետք է ստեղծենք պայմաններ, որ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները լինեն թափանցիկ և հասանելի։ Դա հնարավոր է անել հայտարարագրման և հրապարակման նոր համակարգ ներդնելով։ Այդպես մենք կուսակցույունների համար կստեղծենք պայմաններ, որ նրանք հեշտությամբ ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, և չենթարկվեն պատժամիջոցների, եթե, իհարկե, դիտավորյալ չեն արել սխալը։ Դեռևս հստակ չենք որոշել, թե որ իրավախախտման համար ինչ պատժամիջոց կարող է լինել, բայց գոնե սամանել ենք սկզբունքները, որ պատժամիջոցները պետք է լինեն արդյունավետ, համաչափ և կանխարգելող։

Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։ Նրա հարցը հետևյալն է.

-Ո՞րն եք համարում Հայաստանի քաղաքական համակարգի առջև ծառացած կարևորագույն խնդիրը:

-Ներքին ժողովրդավարության,գաղափարական հենքով անդամության, ղեկավար կազմի և ընտրական ցուցակների արդար ու մասնակցային ձևավորման հարցերը համարում եմ կարևորագույն խնդիրներ, որովհետև դրանցով է պայմանավորված լինելու կուսակցության կենսունակությունը, մարդկանց ձգտումը՝ կուսակցության զարգացման մեջ ներդրում ունենալու և ընտրական ցուցակներում ընդգրկվելու ցանկությունը։

Իհարկե, հասկանալի է, որ կլինեն մարդիկ, որ անկախ այդ հանգամանքից կցանկանան լինել կուսակցության ցուցակներում, որովհետև օրվա իշխանության մաս կազմելը անձնական տեսանկյունից շահավետ կդիտարկեն, բայց ես կարծում եմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն կուսակցություններում։ Ընդհակառակը, կուսակցությունը պետք է պայմաններ ստեղծի, որ գաղափարական մարդիկ ցանկանան ներդրում ունենալ՝ գաղափարական և ֆինանսական, ցանկանան առաջադրվել այդ կուսակցության ցուցակներում և ներկայացնել այդ կուսակցությունը։ Այնպես որ, ներքին ժողովրդավարության հարցերը ներկա քաղաքական իրողության ամենակարևոր հարցերից են։


Լենա Նազարյանի հարցերը՝ հաջորդ բանախոսին․

-Ինչպիսի՞նն է հաջորդ զրուցակցի կարծիքը կայուն մեծամասնության գաղափարի վերաբերյալ, արդյոք մենք պե՞տք է խորհրդարանում ունենանք կայուն մեծամասնություն, թե՞ ձգտենք կոալիցիոն կառավարման։ Ի դեպ, եվրոպական գրեթե բոլոր երկրներում կառավարումը կոալիցիոն կառավարման միջոցով է իրականացվում, բայց ես կուզեի լսել կողմ և դեմ կարծիքներ՝ հաշվի առնելով հայաստանյան պայմանները։

-Հայաստանը նոր է ոտք դնում խորհրդարանական կառավարման ճանապարհին, մենք նոր-նոր ենք ձևավորելու պառլամենտարիզմի ավանդույթները, այսպիսով՝ ինչպիսի՞ ավանդույթներ պետք է ձևավորենք։

Աստղիկ Քեշիշյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է խմբագրությունը, և այն չի արտացոլում Եվրոպական միության ու «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

x