Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր |armtimes.com|

armtimes.com: Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Կարմիր բլուր հնավայր:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տեղում ներկայացրել է տարածքում վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու հնավայրի հետագա զարգացման ծրագրերը: Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի զգալի մասը տասնամյակներ շարունակ թաղված էր շինաղբի տակ և առաջին քայլը, որ արվել է, Կարմիր բլուրը շինարարական աղբից մաքրելն էր: Նշվել է, որ ընդհանուր առմամբ հուշարձանի տարածքից տեղափոխվել է շուրջ 500 մեքենա շինարարական աղբ, մաքրվել է 1.7 հա տարածք: Քաղաքապետարանն այսօր քայլեր է ձեռնարկում հնավայրի հանրահռչակման և Կարմիր բլուրը հետաքրքիր մշակութային, զբոսաշրջային վայր դարձնելու ուղղությամբ:

Այցի ընթացքում տարածքում պեղումներ էր իրականացնում հայ-ավստրիական համատեղ հնագիտական արշավախումբը: Կարմիր բլուրի հնարավոր չպեղված հատվածների զգալի մասը սկանավորվել է հատուկ գեոլոկացիոն համակարգերով, ինչը ևս մեծ հեռանկար կբացի հուշարձանի հետագա ուսումնասիրման համար:
Ի դեպ, Միխայիլ Պիոտրովսկու հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, 1930–ից իր արշավախմբով պեղումներ է կատարել և արժեքավոր հայտնագործություններ արել Ուրարտական թագավորության փոխարքայի նստավայր Կարմիր բլուրում:

x