Փաշինյան-Պուտին հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև սերտ, հուսալի և կառուցողական քաղաքական երկխոսության. ՌԴ դեսպան |tert.am|

tert.am:  Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը  ընդգծել է Երևանում ամսվա սկզբին կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի կարևորությունն ու կարծիք հայտնել նույն գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքների մասին:


«Կարծում եմ՝ նման մակարդակի յուրաքանչյուր համաժողով կարևոր իրադարձություն է, որը նոր ուղղություններ է բացում ինտեգրացիոն գործընթացի զարգացման համար, քանի որ ընդունվում են համապատասխան որոշումներ, և պայմանավորվածություններ են ձեռք բերվում դրանց իրականացման համար, նոր հորիզոններ են ի հայտ գալիս: Այս առումով այդ գագաթնաժողովը մեկն էր այդ իրադարձություններից: Սակայն այդ գագաթնաժողովի յուրահատկությունն էր այն, որ դրան մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության կազմում չընդգրկված երկրների  ղեկավարները:

Դա որոշակի խորհուրդ ունի, որը խոսում է այն մասին, որ եվրասիական ինտեգրումը շատ դինամիկ գործընթաց է, որի հորիզոնները մշտապես ընդլայնվում են, որը գրավիչ է ոչ միայն անդամ երկրների համար, և որն ապացուցում է իր արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև բավականին օբյեկտիվ դժվարությունները, որոնց առաջ կանգնում է ցանկացած ինտեգրացիոն գործընթաց»,- նշել է ՌԴ դեսպանը:


«Ինձ համար՝ որպես Հայաստանում ՌԴ դեսպանի, շատ կարևոր է հենց այսպես կոչված՝ հայկական անկյունը, այսինքն՝ Հայաստանի մոտեցումը ինտեգրմանը և ԵԱՏՄ-ում գործող նախագահի իր դերակատարմանը: Իմ կարծիքով՝ այս գագաթնաժողովն ամբողջովին արտահայտել է Հայաստանի, Հայաստանի իշխանությունների պատասխանատու, լուրջ և շահագրգիռ վերաբերմունքը եվրասիական ինտեգրման գործընթացին և գիտակցումը, որ ինտեգրման գործընթացը բխում է Հայաստանի շահերից: Բացի այդ, գագաթնաժողովի նման կազմը ձևավորվել էր Հայաստանի ղեկավարության ջանքերով, ինչը վկայում է այն մասին, որ եվրասիական ինտեգրումն աշխատում է աշխարհում, համաշխարհային տնտեսության մեջ անդամ երկրների, այդ թվում և Հայաստանի դիրքի, հեղինակության ամրապնդման ուղղությամբ, նպաստում է նրանց կշռի մեծացմանը»,- հավելել է Կոպիրկինը՝ խոսելով երևանյան գագաթնաժողովի առանձնահատկության մասին:

Անդրադառնալով Երևանում կայացած Փաշինյան-Պուտին առանձնազրույցին ու դրա արդյունքներին՝ դեսպանը շեշտել է, որ ղեկավարների հանդիպումն ու դրա նկատմամբ Հայաստանի հասարակության հետաքրքրվածությունը վկայում է 2 երկրների միջև սերտ և խոր հարաբերությունների մասին:

«Ռուսաստանի համար ԵԱՏՄ-ն, այն գործընթացները, որ տեղի են ունենում մեր ինտեգրացիոն միության կազմում, առաջնահերթներից մեկն է արտաքին տնտեսական քաղաքականության մեջ: Երկրորդ հերթին, մեր միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, մեզ շատ բան է միավորում:

Ինչ վերաբերում է քննարկված թեմաներին, իմ տեսանկյունից՝ քննարկվել են մի շարք առավել արդիական հարցեր, ինչպես միջազգային օրակարգից, որոնք առնչվում են նաև մեր երկրներին, այնպես էլ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Պետք է ասեմ, որ հանդիպումից հետո արդեն զգացվում է, որ դրական ազդակներ են տրվել այն ընթացիկ հարցերի լուծման գործում, որոնք գոյություն ունեն: Կարող եմ ասել, որ այդ հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև առկա սերտ, հուսալի, դրական և կառուցողական քաղաքական երկխոսության»,- մեկնաբանել է դիվանագետը:

x