15 կետից բաղկացած ծրագիր՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության հետ կապված հիմնական խնդիրները լուծելու համար |news.am|

news.am: Վերջերս Ամուլսարի վերաբերյալ Լոս Անջելեսում կայացած հանրային քննարկման ընթացքում, իմ կողմից առաջարկվեց 15 կետից բաղկացած ծրագիր, որը թույլ կտա լուծել հանքարդյունաբերության հետ կապված հիմնական խնդիրները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ստորեւ ներկայացնում եմ այդ ծրագիրը ավելի լայն հանրային քննարկման համար։

1. Չեղյալ համարել բոլոր թույլտվությունները, որոնք տրված են այն ընկերություններին, որոնք Լիդիանի պես գտնվում են աշխատանքի նախնական փուլում եւ դեռ չեն սկսել հանքի շահագործումը:

2. Լուծարել ներկայիս շրջակա միջավայրի նախարարությունը հաշվի առնելով նախկինում նրանց կողմից կատարած թերի աշխատանքը։ Հարկավոր է ստեղծել նոր պետական մարմին (Բնապահպանության Նախարարություն), որտեղ կնշանակվեն մարդիկ, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը եւ զուրկ կլինեն որեւէ շահերի բախում ունենալուց։

3. Հայտարարել հինգ տարվա մորատորիում որեւիցե նոր հանքարդյունաբերության թույլտվություններ տրամադրելու հարցում։

4. Նորընտիր բնապահպանության նախարարության ուժերով ստուգումներ անցկացնել Հայաստանի բոլոր գործող հանքերում։ Լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում քրեական գործեր պետք է հարուցվեն եւ հանքարդյունաբերության ընկերությունները պետք է համապատասխան պատիժ կրեն, մասնավորապես եթե շրջակա միջավայրը ախտոտվել է տվյալ ընկերության կողմից, ապա դատարանի միջոցով ստանալ համապատասխան ֆինանսական փոխհատուցում:

5. Օրենքով արգելել օֆֆշորային ընկերություններին հանքարդյունաբերությամբ զբաղվել Հայաստանի ամբողջ տարածքում։

6. Անհապաղ ընդունել նոր օրենք, ըստ որի հանքարդյունաբերության մեջ ներդրողների անունները պետք է հասանելի լինեն հանրությանը անկախ նրանց ունեցած բաժնետոմսերի քանակից։

7. Կառավարության որոշմամբ անհապաղ ազգայնացնել բոլոր մետաղական հանքերը, որպեսզի ստացած ամբողջ եկամուտը հասնի հայ ժողովրդին եւ ոչ թե առանձին մասնավոր անձանց։

8. Իրազեկել մետաղական հանքերի հարակից տարացքներում բնակվող մեր հայրենակիցներին իրենց իրավունքների մասին, մասնավորապես, եթե մարդիկ ձեռք են բերել քաղցկեղ կամ այլ հիվանդություններ, որոնք կապված են ծանր մետաղների ազդեցության հետ, նրանք իրավունք ունեն դատի տալու հանքարդյունաբերական ընկերություններին եւ այն բոլոր պաշտոնյաներին, որոնք համապատասխան թույլտվություններ են տրամադրել։ Արդյունքը պետք է լինի ֆինանսական փոխհատուցում ստանալը։

9. Վնասված տարածքներում բնակվող անձանց տեղեկացնել, որ հանքարդյունաբերության ընկերություններին դատի տալու համար նրանք չպետք է որեւիցե գումար ունենան։ Ինչպես դա ընդունված է այլ երկրներում, իրավաբանները պետք է վճարվեն դատը շահելու եւ փոխհատուցումը ստանալուց հետո (upon contingency)։

10. Մետաղական հանքերի հարակից տարածքներում գտնվող պետական մարմիններին իրազեկել, որ իրենք իրավունք ունեն դատի տալ որեւիցե ընկերությանը, որի գործունեությունը բացասական հետեւանք է ունեցել տվյալ համայնքի վրա, ախտոտել է շրջակա միջավայրը (հողը, ջուրը, օդը) եւ բացասաբար է ազդել մարդկանց կյանքի որակի վրա։

11. Անհապաղ ընդունել նոր օրենք (եթե դա դեռ գոյություն չունի ներկա օրենսգրքում), որը կտարբերակի քրեական եւ անձնական վնասվածքների դեպքերի ապացուցման ստանդարտները. Միացյալ Նահանգներում քրեական գործերի համար ապացուցման պահանջները ամենաբարձրն են («որեւիցե մի կասկածից վեր»), մինչդեռ անձնական վնասվածքներ ստանալիս (օրինակ՝ քաղցկեղ ձեռք բերելու դեպքում) պահանջները շատ ավելի ցածր են («ավելի հավանական է, քան ոչ»):

12. Քաջալերել բնապահպան իրավաբաններին աշխատանքային կապեր հաստատել Կալիֆոռնիայում գտնվող հայ փաստաբանների ասոցիացիայի հետ. Այն միավորում է մեծ թվով բարձրակարգ իրավաբանների, որոնք մասնագիտացած են անձնական վնասվածքների դեպքերի վրա եւ կարող են մասնագիտական ​​օգնություն տրամադրել:

13. Անհապաղ ներդնել Հայաստանում «ատենակալների դատավարություն» ինստիտուտը, քանի որ դատավորները, անկախ նրանից, թե որ երկրում են, չեն կարող բազմամիլիոն եւ բազմամիլիարդ դոլար արժողությամբ վճիռներ կայացնել հզոր ընկերությունների դեմ: Միացյալ Նահանգների ընկերությունների դեմ մեծ թվով դատական ​​գործընթացներ հաջողությամբ են ավարտվել միայն այն պատճառով, որ որոշումները կայացրել են ոչ թե դատավորները, այլ սովորական մարդիկ, ովքեր հանդես են եկել որպես ատենակալներ:

14. Ստեղծել միջազգային գիտական ​​խորհուրդ, որը կներառի կայացած հայ մասնագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից, եւ որին ՀՀ Կառավարությունը կարող է դիմել անվճար խորհուրդ ստանալու համար:

15. Կազմակերպել հայաստանաբնակ բնապահպանական իրավաբանների համար արբանյակային դասախոսություններ որոնց ընթացքում ԱՄՆ-ում բնակվող իրավաբանները կկիսվեն իրենց ունեցած հարուստ փորձով։

Մեզ պետք են անհապաղ եւ վճռական գործողություններ, որպեսզի մեր ժողովուրդը պատշաճ փոխհատուցում ստանա եւ հետագայում իմանա, թե ինչպես պետք է պաշտպանի իր առողջությունը եւ շրջակա միջավայրը: Եթե ​​ իսկապես «մեր ենք տերը մեր երկրի», ինչպես կարգախոսն է ասում, ապա մենք պետք է սկսենք գործել որպես այդպիսին»:

 

x