Կառավարությունն ամեն ինչից խոսում է, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա, չեն պատասխանում. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am։ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ տեղեկությանը, որ վարչապետի որոշմամբ գաղտնի բարձրացվել են նախարարների աշխատավարձերը։ Մարուքյանն ասաց, որ ինքը դեմ չէ, երբ լավ աշխատողին պարգևավճար են տալիս։

«Ես գաղտնիության պրոցեսի հետ կապված պրոբլեմ ունեմ, որ դա արվել է գաղտնի։ Իրենք պատասխանում են, որ ընթացակարգը գաղտնի է արվում։ Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, դա պետք է արվի բաց ու հրապարակային»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ բոլորն էլ հասկանում են, որ որպեսզի նախարարը չլինի կոռումպացված, պետք է ստանա նորմալ աշխատավարձ։ «Հիմա մենք երկու ճանապարհ ունենք՝ կամ պետք է գան խորհրդարան, սանդղակը փոխեն և գործակիցները ավելանցնեն, կամ պարգևավճարներով վճարեն այդ աշխատավարձերը։ Երկու պարագայում էլ ես կողմ եմ, բայց չի կարելի դա անել գաղտնի։

Ինչի՞ վրա եմ ես ապշած, երեկվանից սա շրջանառվում է, կառավարությունից արձագանք չկա։ Ամեն ինչից խոսում են, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ բյուջետային համակարգի հետ կապված խնդիր կա այստեղ։ Խորհրդարանն ի դեմս իրենց համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար։ «Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում ազգային անվտանգության և պաշտպանական ծախսերի մասին։

Ավելին ձեզ ասեմ, երբ ժամանակին Տիգրան Սարգսյանը ուղղաթիռով վոյաժներ էր արել, օրենքը բերեցին և փակեցին, որ չերևար ինչքան գումար է ծախսել, ինչ մեքենաներ են գնում իրենց համար, այդ նախագիծը մենք բերեցինք, որ այստեղ հետ փոխենք, հեղափոխությունից հետո իրենք մերժեցին։ Սրանք ինդիկատորներ են, նայեք՝ ոնց են մարդկիկ ժամանակի ընթացքում շատ արագ դեֆորմացվում, սա լուրջ պրոբլեմ է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

x