Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը։ Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։

Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Տիգրան Ավինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։

Այս համատեքստում կողմերը անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին և խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցությանը։ Զրուցակիցները կարևորել են նաև վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։

Վրացական կողմի խնդրանքով Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունները և կառավարման համակարգի բարեփոխումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր։

x