Արա Խզմալյանը մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am:   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մշակութային քաղաքականության զարգացման համար կառուցվածքային և համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Նրա համոզմամբ`օրենսդրական բարեփոխումներ են պետք` կապված Աշխատանքային օրենսգրքի, «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի հետ: 

«Մենք նաև հաստիքային աշխատողների խնդիր ունենք. օրենքի պահանջից ելնելով` տարիներ շարունակ տարբեր մշակութային կառույցները ծանրաբեռում ենք անարդյունավետ ռեսուրսով և մեր ՊՈԱԿ-ների տնօրեններից պահանջում ենք բարձր արդյունք. ինչպե՞ս. մի կողմից սոցիալական խնդիր կա, իսկ մյուս կողմից` մասնագիտական»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ ժամանակն է հասկանալ մենք գնում ենք ոլորտի մասնագիտացմանն ընդառաջ, ՊՈԱԿ-ների տնօրեններին աջակցելուն ու նրանց հանդեպ պահանջները բարձրացնելուն, թե շարունակում ենք իներցիոն ձևով պետական ռեսուրսը փոշիացնել:

Խզմալյանը խոսեց նաև կադրային խնդրի մասին` ընդգծելով, որ ցանկանում են բարեփոխումներ անել, ցանկանում են, որ սերնդափոխություն լինի, բայց պարզվում է, որ այնքան էլ հարուստ չենք լավ կադրերով: «Կա գեղարվեստական ղեկավարների, դիրիժորների ինստիտուտների ճգնաժամ: Լավ դիրիժորները հաճախ են շրջագայում, նրանք չեն կարող անընդհատ մնալ մի կառույցում: Նրանց փոխարինելու խնդիր է առաջանում»,-ընդգծեց փոխնախարարը:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներ են իրականացվում, հստակ ձևակերպվում են խնդիրները, որպեսզի առաջարկվեն դրանց լուծումները:

x