Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողների կեցությունն ուսանողական հանրակացարանում անվճար է |lragir.am|

lragir.am:  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով: ԵՊՀ ուսանողներ Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են:

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գևորգ Մանուկյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության» մեդալով, Շուլի Հակոբյանը՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Զորացրվելուց հետո հերոսները վերադարձել են ԵՊՀ՝ այստեղ շարունակելու կրթությունը և որակյալ մասնագետ դառնալու:

Նրանց խոսքով, ԵՊՀ-ում մշտապես աջակցել են իրենց և ամեն ինչ արել՝ նպաստելու ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը: Մեզ հետ զրույցում Գևորգ Մանուկյանը, որը զորացրվելուց հետո որոշել է կիսատ թողնել ուսումը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, ասաց, որ ի թիվս այլ օգնությունների՝ ԵՊՀ-ում լուծել են նաև իրենց կեցության խնդիրը: «Դեռևս անցած տարվա փետրվարից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի նախաձեռնությամբ և Արամ Սիմոնյանի աջակցությամբ՝ ես և ընկերներս՝ Շուլին և Ռաֆայելը, անվճար հիմունքներով բնակվել ենք ԵՊՀ ուսանողական հանրակացարանում»,- ասաց Գևորգ Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ, հանրակացարանի վերանորոգումից հետո էլ ուսումնական այս տարվա սկզբից իրենք շարունակում են անվճար հիմունքներով բնակվել հանրակացարանում. «Կեցության համար ստեղծված են լավ պայմաններ: Բացի դրանից՝ ուսանողական միջավայրն էլ նպաստում է, որ դասերն ավելի լավ մթնոլորտում սովորենք»: ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեռևս ուսումնական անցած կիսամյակում Ապրիլյան քառօրյա պատերազմի շքանշանակիրներն անվճար հիմունքներով են բնակվել հանրակացարանում:

x