Պետությունը նախատեսում է տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը |lragir.am|

lragir.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ցանկություն ունի Գյումրու տարեցների տուն-ինտերնատում մատուցվող ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը: Այդ գործընթացը չի ենթադրում տարեցների կամ աշխատակիցների տեղափոխում:

Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքվեց գիշերօթիկ հաստատությունների և տուն-ինտերնատի լուծարման հետ կապված աղմուկ բարձրացրած հարցին: Բաթոյանը նշեց՝ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի հարցում խոսքը ծառայությունների պատվիրակման մասին է՝ ծառայությունը բարելավելու, դրանք ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

«Թե շենքային, թե մյուս պայմանները բարելավելու նպատակով մենք այս տարի ցանկություն ունենք ծառայությունը պատվիրակելու բարեգործական կազմակերպության: Այդ նույն տեղում նույն բնակիչների, նույն շահառուների համար կկազմակերպեն ծառայությունները՝ ավելի լավ պայմաններում՝ ներգրավելով նաև նոր ներդրումներ»,-ասաց Բաթոյանը:

Նա վստահեցրեց, որ տարեց անձանց դուրս հանելու, նրանց որևէ այլ տեղ տեղափոխելու խնդիր չկա: Լուծարման գործընթացն ընդամենը իրավական կարգավորման միջոց է: Եվ եթե որևէ կազմակերպություն բանակցությունների չցանկանա մատուցել պատվիրակված ծառայությունը, ապա նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նույն կերպ կշարունակի մատուցել: Անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների լուծարման հարցին՝ նախարարը նշեց՝ կցանկանար խոսել ոչ թե գիշերօթիկ հաստատությունների լուծարման, այլ երեխաներին ընտանիք վերադարձնելու, ընտանիքի հետ վերամիավորման մասին:

«Մենք խոսում ենք երեխաների ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելու և հետո միայն նրանց ընտանիքներ վերադարձնելու մասին: Լավագույն մանկատունը կամ գիշերօթիկ հաստատությունն անգամ չի կարող փոխարինել թեկուզ մի փոքր դժվարության մեջ ապրող ընտանիքին: Եվ մենք առաջին հերթին պետք է ապահովենք այդ պայմանները»,-ասաց Բաթոյանն ու նշեց՝ կարիքները գնահատվել են գործընկեր կազմակերպությունների կողմից, և դրանց համապատասխան աջակցություն պետք է ցուցաբերեն:

x