Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվեց գործարար շրջանակների միջև կապերի խթանմանը, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և կյանքի կոչման կարևորությունը:

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց նաև Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խթանումը: ԱԳ նախարարը բարձր գնահատեց Ֆրանսիայի ինքնակառավարման մարմինների ղեկավարների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ, որի առանցքում ընկած է մարդու իրավունքների հարգումը:

Փոխադարձաբար արժևորվեց Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում և երկու բարեկամ երկրների միջև կամրջող նշանակություն ունեցող հայ համայնքի դերակատարությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

x