ԱԺ-ն ընդունեց մարզում սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների արտոնությունից օգտվելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող գործունեություն իրականացնողներին և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:

«Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում 2020-ի հունվարին ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից:

Սակայն կան սահմանափակումներ, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից: ԼՀԿ-ն այս նախագծով առաջարկում է այդ բացառությունների շարքից հանել մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին: Այսինքն` մինչև 24 մլն դրամ շրջանառության շեմ ունենալու դեպքում դրանք կազատվեն որոշակի հարկերից:

x