Հայ-վրացական հարաբերությունների զարգացման դինամիկան դրական է. Ավինյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին |news.am|

news.am: Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանի հետ:

Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին համաժողովին բարձրաստիճան մասնակցության համար: Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհավորել է Վրաստանին հաջողված համաժողով կազմակերպելու կապակցությամբ:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները անկախությունից ի վեր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա եւ դրանց զարգացման դինամիկան դրական է:

Տիգրան Ավինյանը ու Դավիթ Զալկալիանին կարեւորել են վերջերս տեղի ունեցած Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, ինչը կարեւոր ազդակ է հանդիսացել երկու բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման համար:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Հայաստանի ու Վրաստանի համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, հումանիտար ու մշակութային հարցերին, զբոսաշրջության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելուն, ինչպես նաեւ մուտքի ընթացակարգերի պարզեցմանը:

 

x