Պենտագոնը Սիրիայում հզորացնելու է ռազմական ներկայությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հզորացնելու է ամերիկյան ուժերը՝ կանխելու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերականգնման հնարավոր վտանգը:

Այդ հայտարարությանն օրեր առաջ նախորդել է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող տարածքից ամերիկյան փոքրաթիվ ուժերը դուրս հանելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած վճիռu, որը թուրքական բանակին ընձեռել է քրդերին վտարելու նպատակով Սիրիա ներխուժելու և «անվտանգության գոտի» հռչակելու հնարավոություն:

Թուրքական և ռուսական ուժերն այժմ պարեկություն են իրականացնում այդ տարածքում, որը մինչև վերջերս եղել է ամերիկյան և քրդական ուժերի հսկողության ներքո:

Շրջանից ամերիկյան ստորաբաժանումները դուրս հանելու Թրամփի որոշումը խստորեն քննադատել են և՛ դեմոկրատ, և՛ հանրապետական օրենսդիրները, նշելով, որ այնտեղ քրդերի հսկողության տակ պահվող «Իսլամական պետության» մոտ տասը հազար ռազմագերիներն ազատություն կստանան և կվերսկսեն ահաբեկչական գործողուոյունները:

Պենտագոնի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ ամերիկացիները մտադիր են հսկողության տակ վերցնել Սիրիայում նավթի հանքերը, քանի որ նավթն է «Իսլամական պետության» եկամուտների հիմնական աղբյուրը:

x